Կառավարության հաստատած հայեցակարգի համաձայն՝ աղետի գոտու վերականգնման համար 2009-2013 թվականների ընթացքում պետական բյուջեից հատկացվելու է 74 միլիարդ դրամ: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, այս պահի դրությամբ աղետի գոտում բնակարանի կարիք ունեցողների թիվը մոտ 7 հազար է, սակայն դա դեռ ճշգրտման ընթացքի մեջ է: Ըստ ծրագրի, այդ 74 միլիարդ դրամով պետք է կառուցվի 500 հազար քմ բնակմակերես, իսկ 1 քմ բնակմակերեսի գինը կազմում է 169 հազար դրամ: Բնակիչներն այդ բնակարանների համար ոչինչ չպետք է վճարեն, ամեն ինչ պետք է կատարվի բյուջեի միջոցների հաշվին:

Վ. Վարդանյանը տեղեկացրեց, որ անցած շաբաթվա ընթացքում արդեն 40 բնակարան են հանձնել շահագործման, իսկ առաջիկա 10 օրում շահագործման կհանձնվի եւս 80-100 բնակարան:
«2009 թվականին կիսակառույց տների ավարտմանը չանդրադարձանք, որոնց թիվը 500-ից ավելի է: Դրանց աշխատանքները կսկսենք 2010 թվականին եւ ամեն մի կիսակառույցի համար առանձին մոտեցում ենք ցուցաբերելու»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ իրենք 20-30 տիպային նախագծեր են ստեղծելու, ցանկ են կազմելու, որպեսզի շահառուներն իրենք ընտրեն, թե ինչպիսին պետք է լինեն իրենց անհատական բնակարանները:

2009-2010 թվականներին, ըստ քաղաքաշինության նախարարի, այդ 7000 շահառուներից 3200-ը կստանան բնակարաններ եւ եթե այդ տեմպերով աշխատանքները շարունակվեն, ապա ծրագիրը կառավարությունը կավարտի 1 տարի շուտ, այսինքն 2012 թվականին: