ՀՀԿ կանանց խորհուրդը հունիսի 1-ին Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում անցկացրել է արյունատվության ակցիա, որի նպատակն է օգնել հեմոֆիլիայով եւ արյան այլ հիվանդություններով տառապող երեխաներին:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, Ֆինանսների եւ Էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կ. Մովսիսյանը, Մշակույթի փոխնախարար Ա. Սամուելյանը, Երեւան քաղաքի ավագանի Ն. Նահապետյանը եւ Մ. Ղազարյանը, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գ. Սողոմոնյանը, Նոր - Նորքի վարչական շրջանի ղեկավար Մ. Գասպարյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ: Արյունատվության ակցիային մասնակցել են կրթության, մշակույթի, սոցիալական ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ: Արյուն տվողների առաջիններից մեկը ՀՀ վաստակավոր արտիստուհի Ս. Յուզբաշյանն էր:
Հանրապետական կանայք այցելել են նաեւ հիվանդ երեխաներին եւ նվերներ հանձնել:
Ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀԿ Երեւան քաղաքի տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների անդամները: ՀՀԿ կանանց խորհուրդը ակցիան իրականացնում է պարբերաբար եւ կոչով դիմում է հասարակությանը` աջակցել հիվանդ երեխաներին, նաեւ դոնոր հանդիսանալ:



























