Մարտի 1-ի տասը զոհերի մահվան մեջ ընդդիմությունը մեղքի իր բաժինն ունի այնքանով, որքանով թույլ է տվել՝ Հայաստանում ձեւավորվի այնքան լկտի իշխանություն, որը կարող է Երեւանի կենտրոնում գնդակահարել սեփական քաղաքացիներին։ Հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց ես պաշտոնապես ասում եմ, որ Հայաստանի ընդդիմությունը նման բան այլեւս թույլ չի տա։ Հայաստանում այլեւս չի լինի այնպիսի իշխանություն, որը մայրաքաղաքի կենտրոնում կկարողանա գնդակահարել սեփական քաղաքացիներին։ Բոլոր այն իշխանությունները, որոնք կարծում են, որ քաղաքացուն՝ իր օրինական իրավունքներն իրացնելու ժամանակ կարող են ծեծել եւ քշել, այդ իշխանությունները կծեծվեն եւ կքշվեն ժողովրդի կողմից»,- նկատեց Փաշինյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մայիսի 31-ին կայացած հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում հավաքված բազմությունն ավելի ոգեւորված ձայներով դիմավորեց իրեն՝ Փաշինյանին, ոչ թե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հարցին՝ նշանակո՞ւմ է դա, որ ժողովուրդը ՀԱԿ-ում սերնդափոխության կարիք է տեսնում, նախկին քաղբանտարկյալն ասաց. «Սերնդափոխության կարիք այս պահին ՀԱԿ-ում չկա, քանի որ բոլորն այնտեղ ներդաշնակ եւ ընդհանրության մեջ ընդհանուր գործ են անում։ Սերնդափոխության խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ սերունդները չեն կարողանում համագործակցել։ Այնպես որ, տեսանելի ապագայում ՀԱԿ-ում նման հեռանկար չեմ տեսնում։ Ամեն դեպքում, ես ուրախ եմ որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակության հետ համեմատելի հեղինակություն եք վերագրում ինձ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։




























