Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամատար, գնդապետ Ալի Օզը Հրանտ Դինքի սպանության գործում պարտականությունների թերացման մեղադրանքով դատապարտվել է ընդամենը 6 ամիս ազատազրկման։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Տրապիզոնի քաղաքացիական գործերով 2-րդ դատարանը 8 մեղադրյալներից գնդապետ Ալի Օզին եւ կապիտան Մեթին Յըլդըզին դատապարտել է 6-ական, 4 զինվորականներին՝ 4-ական եւ 2 հոգու ազատ է արձակել։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում որոշ տեղեկություններ էին հայտնվել, որ հենց Ալի Օզն է կազմակերպել Դինքի սպանությունը։ Իսկ սպանությունը նրան էր հանձնարարել «Էրգենեկոն»-ի գործով առանցքային մեղադրյալ, պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը, ով նաեւ երդվյալ հակահայ է։
Նույն գործի հետաքննության ընթացքում Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնի պետ Մեթին Յըդըզը հայտարարել է, թե իրեն հայտի է եղել, որ Դինքի դեմ մահափորձ է նախապատրաստվում, սակայն չի վստահել աղբյուրներին եւ չի հայտնել Ազգային հետախուզության ծառայության, այլ բավարարվել է միայն Ալի Օզին հայտնելով։
Թուրք լրագրող Ադեմ Յավուզ Արսլանի «Մի հայ կա. Դինքի սպանության շիֆրերը» գրքում նշվում է, որ Դինքի սպանությունը ծրագրված է եղել այն ուժերի կողմից, ովքեր նպատակ ունեին Թուրքիայում քաոս ստեղծել։ Գրքում նշվում է, թե «Էրգենեկոն»-ի գործով անցնող մեղադրյալներից Վելի Քյուչուքն ու Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամատար Ալի Օզը անմիջական կապ են ունեցել Դինքի սպանության հետ։ Թուրք լրագրողը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ սպանությունն իրականացրած անձիք կապի մեջ են եղել Ալի Օզի հետ։



























