Նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ եւ առաջիկա օրերին էլ կհանդիպի՝ քննարկելու համար մայիսի 31-ին կայացած հանրահավաքի ժամանակ վերջինիս կողմից քաղբանտարկյալ Արա Հովհաննիսյանի հասցեին արված սուր քննադատության  եւ հարթակից իջնելու պահանջի մանրամասները։ Հունիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Վարդգես Գասպարն իմ եղբայրն է։ Նրա նվիրվածությանը չեմ կասկածում, հարգում եմ նրան, երբ մի բան է ասում, լուրջ եմ վերաբերում նրա ասածներին»,- նկատեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ առաջիկա օրերին ՀԱԿ-ը գրանցված տհաճ միջադեպի վերաբերյալ մանրամասն խոսակցություն կունենա։

Նախկին քաղբանտարկյալը նաեւ հատկանշական համարեց, որ մարդիկ, ովքեր Հայ ազգային կոնգրեսի կողմից հայտարարվել են քաղբանտարկյալներ, դատապարտվել են կոնկրետ հոդվածներով. «քաղբանտանտարյալ» բնորոշման համար կարեւոր է ոչ բանտարկվածի անձը եւ այն, թե ինչպես է մարդն իրեն պահել ՔԿՀ-ում, այլ այն, թե իրավական ինչ արդարացվածությամբ են նրան բանտ ուղարկել։

Նշենք, որ 31-ին Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Գասպարին պահանջել էր Ազատության հրապարակի հարթակից հեռացնել ազատ արձակված քաղբանտարկյալ Արա Հովհաննիսյանին` նրան անվանելով հանցագործ: Երբ Նիկոլ Փաշինյանը մոտեցել էր Գասպարիին եւ խոսել նրա հետ, վերջինս այլևս որեւէ բացատրություն չէր տվել` հարցնողներին առաջարկելով պատասխանի համար դիմել Փաշինյանին:

Նշենք նաեւ, որ Facebook-ի իր էջում Գասպարին գրել է. «Հանցաշխարհի ներկայացուցիչ Արա Հովհանիսյանը ՀԱԿ- ում տեղ եւ անելիք չունի:

Նա բազմիցս հայտարարել է. ի՞նչ քաղբանտարկյալ, ես գողական եմ: Նրա ծնողը «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Սերժը, թե Լեւոնը ինձ համար մեկ են. թող տան իմ էրեխին, էս երկրից գնամ»: Տվեցին էրեխիդ, թող ՀԱԿ-ից հեռացիր: Ով է շահագրգռված հանցաշխարհի ներկայացուցչին ՀԱԿ շարքերում պահել»: