Վարշավայում մայիսի 31-ից հունիսի 1-ը տեղի է ունեցել Եվրոպա-Ռուսաստան 6-րդ ֆորումը, որին մասնակցել է Եվրոպայի հայերի միության ֆորումը (ԵՀՄՖ): Ֆորումում ի թիվս այլոց քննարկվել է նաեւ Արցախի անկախության խնդիրը: Ֆորումը կայացել է Լեհաստանի Սեյմում` Սեյմի նախագահ Գրեգոր Շետինիայի բարձր հովանու ներքո: 

Ֆորումում կարծիք է հնչել, թե Արցախի հարցը շատ շուտ կլուծվի, եթե Ռուսաստանը վերացնի իր ռազմական բազան Հայաստանում: Սրան արձագանքել է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը, հայտարարելով, որ եթե Արցախի հարցի լուծում ասելով հասկանում են Արցախի ընդգրկումն Ադրբեջանի կազմի մեջ, ապա այն կախված  չէ ոչ Ռուսաստանի, ԵՄ-ի եւ կամ այլ որեւէ երկրի կամքից: «Այցելեք Արցախ եւ անմիջապես կհասկանաք այդպիսի հարցադրման անհեթեթությունը, ավելին մոռացեք նաեւ ազատագրված տարածքներից թեկուզ մեկի վերադարձն Ադրբեջանին` առանց Արցախի անկախության ընդունման: Հատկապես այս հարցը պետք է համարել լուծված Կոսովոյի անկախությունն ընդունելուց հետո: Չեն կարող լինել վերոհիշյալ հարցերի շուրջ տարբեր եվրոպական ստանդարտներ»,- ասել է նա, ում տեսակետը պաշտպանել են «Գլոբալիզացիայի պրոբլեմների ինստիտուտի»  տնօրեն Միխայիլ Դելյագինը, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի» գլխավոր տնօրեն Վալերի Ֆեդորովը եւ այլոք:

Աշոտ Գրիգորյանը ֆորումին ներկա Ադրբեջանի Միլիմեջլիսի անդամ, «Դեմոկրատական ռեֆորմներ» կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեին հարց է ուղղել, ո՞ւր են անհետացել Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները եւ ինչու, ինչ նպատակով են վերացվել հայկական խաչքարների Ջուղայում: Ի պատասխան Մոլազադեն նախ ասել է, որ դրանք հայկական չեն եղել այլ աղվանական, այնուհետեւ, գլխի ընկնելով իր ասածի անհեթեթությունը, կմկմացել, թե լավ չեն արել, որ ոչնչացրել են:

Հայ պատվիրակը նշել է, որ ոչ միայն ոչնչացվել են համաշխարհային մշակութային ժառանգություն հանդիսացող այդ եզակի արվեստի նմուշները, այլեւ մինչ այսօր Ադրբեջանին հաջողվել է կասեցնել եվրոպական հանձնաժողովների այցը վրոհիշյալ փաստի ուսումնասիրման համար Նախիջեւան, ինչպես նաեւ խաբել է ՅՈՒՆԵՍԿO-ին` խաթարելով մասնագետների պատվիրակության այցը Նախիջեւան:

Գրիգորյանը հայտարարել է, որ ԵՀՄՖ-ը պահանջում է «Եվրոպայի Էկոնոմիկ ֆորում»-ից այս հարցի քննարկումը Կրինիցայում ֆորումի 21-րդ նստաշրջանում սեպտեմբերին: