Հայաստանի ամերիկյան համալսարանում հունիսի 4-5-ը տեղի կունենա «ԲարՔեմփ Երեւան 2011»-ը։ ԲարՔեմփը կոչում են «չկոնֆերանս», քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, եւ ի տարբերություն ավանդական կոնֆերանսի՝ այստեղ չկան հատուկ զեկուցողներ, օրակարգը ձեւավորվում է մասնակիցների կողմից, իսկ վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո,երբ մասնակիցները գրանցում են իրենց զեկուցումների թեմաները։
Նախատեսվում է, որ «ԲարՔեմփ Երեւան 2011»-ը կհամախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 500մասնագետների, բլոգերների, լրագրողների ու սոցիալական ցանցերի ակտիվիստների, ովքեր ոչ պաշտոնական մթնոլորտում կքննարկեն համացանցային տեխնոլոգիաների եւ սոցիալական մեդիայի զարգացումները Հայաստանում եւ աշխարհում:
«ԲարՔեմփ Երևան 2011»-ի հովանավորներն ու աջակիցներ են «Արմենտելը», Ինտերնյուսը՝ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներում, «Օպերա Սոֆթվերը», «Դիմ Քոմունիքեյշնսը» եւ panarmenian.net-ը։
«Մենք արժեւորում ենք BarCamp-ի ազատ ստեղծագործ ոգին` այստեղ ողջունելի են օրիգինալ գաղափարներ եւ չկա կեղծ հեղինակությունների հանդեպ արձանագրային պաշտում: Լինելով Հայաստանում ինտերնետի զարգազման առաջատար, մեր ընկերությունը գիտակցում է BarCamp-ի կարեւորությունը որպես նորարարական սոցիալական երեւույթ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով՝ բարքեմփային շարժումը մարդկանց այլընտրանքային լրատվության ռեսուրսների հնարավորություններն ու զարգացումները անկաշկանդ մթնոլոտում քննարկելու եւ ինտերնետային տեխնոլոգիաների վերջին զարգացումներին տեղեկանալու հնարավորություն է տալիս:
Նշենք, որ «ԲարՔեմփ Երևան 2011»-ի հյուրերի շարքում են Opera Software ընկերության փորձագետներ Չարլզ ՄքՔեթի Նևիլը (chaals), Վլադիմիր Իսաևը և Ադրիանուս Վերմենհովենը: Սպասվում են BBC World News-ի հաղորդավար և լրագրող Փունեհ Ղոդուսի և ռուսական «Վիմպելկոմ»-ի փորձագետներ Արտյոմ Մինաևի և Եկատերինա Տուրցևայի այցելությունները: ԲարՔեմփ Երևան -ին կմասնակցի նաև Livejournal ցանցում հայտնի բլոգեր Դմիտրի Չերիշևը (mi3ch):
Նշենք, որ ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու ձեւաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Սիլիքոն Վելլեյում, եւ հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։
Հայաստանում ԲարՔեմփ սկսել են կազմակերպել 2009թ-ից: Չկոնֆերանսին մասնակցելու համար կարելի է գրանցվել Բարքամփ Երեւանի կայքում՝ www.barcamp.am:




























