Մասնակի կրճատումներով ներկայացնում ենք թերթի խմբագրականը.
Քաղբանտարկյալների ազատ արձակման եւ «երկխոսական» թեմաների շուրջ բուռն քննարկումների աղմուկի մեջ Ազգային ժողովն օրենք ընդունեց, ըստ որի` հեռուստաընկերություններն իրենց հեռարձակման մեկ ժամից 14 րոպեն կարող են նվիրել գովազդին:
Հիմնավորումը, թե ինչու պիտի գովազդը ժամը 14 րոպե մեզ ահաբեկի, պարզապաես հրաշալի է. քանի որ «դե ֆակտո» հեռուստաընկերությունները խախտում են օրենքը եւ օրենքով նախատեսվածից շատ են «ճխտում» գովազդը, այս վիճակը պետք է պարզապես օրինականացնել: Դա մոտավորապես նույնն է` երբ, ասենք, շատանում են բնակարանային գողությունները, եւ ոստիկանությունը չի կարողանում դրա դեմ առնել, Ազգային ժողովը օրենք է ընդունում, ըստ որի` այդ գողությունները օրինականացվում են` թող գողանան, ինչ արած:
Եթերի նման կառուցվածքը, երբ, ինչպես կատակում են, գովազդն ընդհատվում է սերիալով, նույնպիսի անարգանք է մեր քաղաքացիների հանդեպ, ինչպիսին վիրավորանքն է եւ զրպարտությունը, որի դեմ վերջերս այնպիսի մեծ ավյունով սկսեցին պայքարել մեր օլիգարխներն ու նախկին նախագահը:
Մարդկանց գովազդախեղդ անելու` ԱԺ վերջին որոշումը անխուսափելիորեն բերելու է նրան, որ մարդկանց նոր խմբեր պոկվելու են հայաստանյան եթերից եւ տեղափոխվելու են արբանյակային, ինտերնետային եւ DVD ոլորտներ: Պետությանը (ի դեմս խորհրդարանի) դա քիչ է հուզում:
Շուտով գործը կհասնի նրան, որ մեր եթերի ամենաճշմարիտ հաղորդումն է լինելու «Ավտոշուկան», որը կա բազմաթիվ հեռուստաընկերություններում: Շարժիչը` այսքան ձիաուժ, կարբյուրատորը` չորս կամերանոց, փոխանցման տուփը` ավտոմատ: Պոե~զիա…



























