Սեպտեմբերի 17-ի գիշերը ավելի քան 60 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Յարոսլավլի մարզի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Եվրաևը։ «Վնասվել է նավթավերամշակման գործարանը։ Հրդեհի մարման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Բացի այդ, ընկնող բեկորներից ջարդվել են մի շարք բազմաբնակարան շենքերի պատուհաններ, վնասվել են ավտոմեքենաներ», — Telegram ալիքում գրել է Եվրաևը։ Նրա տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան։ Հրդեհը բռնկվել է «Յարոսլավնեֆտեօրգսինթեզ» («Սլավնեֆտ—ՅԱՆՈՍ») ՆՎԳ-ում։ Սա ռուսական խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է, որի հզորությունը հասնում է տարեկան մինչև 15 միլիոն տոննայի։ Սրանից առաջ գործարանն անօդաչուների հարձակման էր ենթարկվել օգոստոսի 28-ին, իսկ տարեսկզբից ի վեր դրա ուղղությամբ հարվածել են առնվազն ութ անգամ։

Անցած գիշեր ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են նաև Ռոստովի մարզին։ «Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ զոհեր և տուժածներ չկան։ Տեղում կան հետևանքներ, բռնկվել է հրդեհ, որն արագորեն մարվել է», — հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Բացի այդ, Ռոստովի 4 շրջաններում տրանսֆորմատորային ենթակայանի վնասման պատճառով էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։ Astra-ի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է «Ռոստով-նա-Դոնու — Ցենտրալնի» ռազմական աէրոդրոմի տարածքում։ Հրդեհի օջախներից մեկը գտնվում է ինքնաթիռների կայանատեղիի հատվածում։ Բացի այդ, այս գիշեր ուկրաինական անօդաչուները հարձակվել են նաև Մոսկվայի տարածաշրջանի վրա։ ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է դեպի Մոսկվա թռչող 6 խոցված դրոնի մասին։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշեր ՀՕՊ ուժերը 20 մարզերի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ազովի, Կասպից և Սև ծովերի ակվատորիաների երկնքում որսացել և ոչնչացրել են 64 ուկրաինական անօդաչու սարք։ Անօդաչուներ են արձանագրվել, մասնավորապես, Յարոսլավլի, Ռոստովի, Ռյազանի, Տամբովի, Տուլայի, Մոսկվայի մարզերի և Կրասնոդարի երկրամասի երկնքում։