Կիրակի ուժի մեջ է մտել Հունաստանի նախագահի հրամանը նախնական ուղիղ գծերի որոշման մասին, որոնցից հաշվարկվում են տարածքային ջրերը, այն ընդունվել է Իոնական ծովում Հունաստանի այդ ջրերը 6-ից մինչեւ 12 ծովային մղոն ընդարձակելու նպատակով: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Հունաստանի ԱԳՆ-ն:
Կառավարական տեղեկատուի հրապարակմամբ կիրակի ուժի մեջ է մտել Հունաստանի նախագահի հրամանը Իոնական ծովի ջրատարածքում նախնական ուղիղ գծերի որոշման մասին՝ Իոնական կղզիների տարածաշրջանի հյուսիսային կետից մինչեւ հունական Պելոպոնես թերակղզու հարավում Տենարոն հրվանդան: «Ծոցերի ափերով եւ ուղիղ գծերով շրջապատված ջրերը, որոնք միացնում են դրանց մուտքի բնական կետերը, երկրի ներքին ջրերն են»,- նշված է փաստաթղթում:
«Նախագահի հրամանն արձակվել է ի կատարումն ՄԱԿ 1982 թվականի Ծովային իրավունքի կոնվենցիայի վավերացման մասին օրենքի: Սա անհրաժեշտ քայլ է նշված շրջանում երկրի ափամերձ գոտու ընդարձակման գործընթացի համար, որի գործողությունը, ըստ Կոնվենցիայի, երկրի անքակտելի իրավունքն է»,- հայտարարել են երկրի ԱԳՆ-ից:
«Նախագահի հրամանում նշված է, որ Հունաստանն իրեն իրավունք է վերապահում իրականացնելու իր համապատասխան իրավունքները, քանի որ դրանք բխում են Ծովային իրավունքի մասին կոնվենցիայից, որն արտացոլում է սովորական միջազգային իրավունքը»,- նշված է փաստաթղթում: «Հունաստանը խիստ հանձնառու է միջազգային իրավունքի պաշտպանությանը, ներառյալ ծովային իրավունքը, մշտապես գործում է առաջնորդվելով միջազգային օրինականությամբ»,- շեշտել են երկրի ԱԳՆ-ից:
Հունաստանն ու Իտալիան հունիսի 9-ին համաձայնագիր էին կնքել Իոնական ծովում երկու երկրների միջեւ բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման մասին: Նրանք այդ ժամանակ նաեւ Եվրահանձնաժողովին ուղղված համատեղ իրազեկում էին ստորագրել, որը պարունակում էր երկու պետությունների խնդրանքը ապագայում ձկնորսության ոլորտում ընդհանուր քաղաքականության կանոնները փոփոխելու մասին, որ երբ Հունաստանը որոշի իր ափամերձ ծովային գոտին ներկայիս 6 ծովային մղոնից մինչեւ 12 ծովային մղոն ընդարձակել, պահպանվի իտալացիների գոյություն ունեցող ձկնորսական գործունեությունը 6 եւ 12 ծովային մղոնների միջեւ ընկած շրջանում, որը դեռեւս միջազգային ջրեր է համարվում:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը օգոստոսին խորհրդարանում հայտարարել էր Հունաստանի կողմից Իոնական ծովում իր տարածքային ջրերը 6-ից մինչեւ 12 ծովային մղոն ընդարձակելու մասին: Նա նաեւ հայտնել էր, որ Հունաստանի ԱԳՆ-ն Իտալիային եւ Ալբանիային տեղեկացրել է Իոնական ծովում իր տարածքային ջրերի ընդարձակման մասին:





























