Չնայած հայ-թուրքական սահմանը փակ է՝ Երեւանի ամենաաշխույժ տոնավաճառներից մեկը հանդիսացող Մալաթիայի տոնավաճառի ապրանքների զգալի մեծամասնությունը բերվում են Ստամբուլից։ Այս մասին է անդրադառնում թուրքական Haberx կայքէջը։
Ստամբուլ եկող հայ առեւտրականներից ոմանք, ովքեր կարողանում են թուրքերեն խոսել՝ Ստամբուլում թուրքերի հետ զրույցներում նշում են, որ սահմանների բացվելու դեպքում իրենց առեւտրաշրջանառությունը ավելի կաճի։
NEWS.am-ը հիշեցնում է, որ իրական Մալաթիա քաղաքը գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում եւ անունը չի փոխվել։ Այն Թուրքիայի արագ զարգացող քաղաքներից մեկն է։ Ըստ որոշ տվյալների՝ Մալաթիայում ապրում են մեծ թվով հայեր, որոնք ինչ -ինչ պատճառներով վախենում են բարձրաձայնել այդ մասին։
2007 թվականի հունվարին Ստամբուլում սպանված հայազգի հրապարակախոս, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը նույնպես ծնվել էր Մալաթիայում։




























