ԱՄՆ առողջապահության ոլորտի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ հերքել են երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, որ COVID-19-ի վերաբերյալ երկրի վիճակագրությունը սաստիկ ուռճացված է:

«Մահերը իրական մահեր են»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին ABC-ի հետ զրույցում՝ հավելելով, որ հիվանդանոցները լեփ-լեցուն են, իսկ «սթերսի ենթարկվող բուժաշխատողները ֆեյք չեն: Սա իրականություն է»:

ԱՄՆ գլխավոր վիրաբույժ Ջերոմ Ադամսն իր հերթին CNN-ի հետ զրույցում շեշտել է, որ կորոնավիրուսի տվյալների վերաբերյալ վիճակագրությունը, որ հրապարակվում է ԱՄՆ Հիվանադությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների կողմից, հավաստի է:

«Հանրային առողջապահության տեսակետից ես այդ թվերին կասկածելու պատճառներ չունեմ եւ կարծում եմ՝ մարդիկ պետք է հրաշալի գիտակցեն, որ հարցը միայն մահերը չեն: Հարցը հոսպիտալացումն է, տարողունակությունը»,- նշել է Ադամսը:

Ընդ որում՝ երկու փորձագետն էլ ամերիկացիների պատվաստման տեմպերի կապակցությամբ լավատեսություն են հայտնել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կասկածել էր ԱՄՆ-ում կորոնավիրուսի վերաբերյալ տվյալների հավաստիությանը՝ հայտարարելով, որ դրանք սաստիկ ուռճացված են: