Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, այսօր` մասնակի բավարարել է «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ եւ որդու` Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների ներկայացրած հայցը:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում է պահանջում օրաթերթից՝ 3 մլն-ը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում` , օրաթերթում տպագրված «Ադամանդե Ռոբ», «Վոլվո+սպայկա հավասար է Սեդրակ Քոչարյան» եւ «Արյունը Քոչարյանից, կայֆը Ծառուկյանից, հակացնցումը Լֆիկից» հոդվածների համար։
Դատավոր Արայիկ Մելքումյանն ամբողջությամբ մերժել է փաստաբանական ծառայության համար պահանջվող երեք միլիոն դրամի պահանջը, սակայն բավարարեց 1 մլն. վիրավորանքի եւ 2 մլն. զրպարտության համար պահանջվող գումարի հայցը:
«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայցն ապօրինի էր որակել եւ այն գնահատել որպես անկախ լրատվամիջոցին ճնշելուն ուղղված քայլ:




























