Եվրահանձնաժողովում հերքել են սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստում ունենալու հիմնավորմամբ օտարերկրյա քաղաքացիների համար իբր շենգենյան վիզա տրամադրելու մտադրության մասին: Եվրամիությունը դեռ չի նախատեսում փոփոխություններ մտցնել օտարերկրյա քաղաքացիների մուտքի ներկայիս սահմանափակումների մեջ՝ անկախ COVID-19- ի դեմ նրանց պատվաստված լինելու հանգամանքից, հունվարի 6-ին, հայտարարել է գերատեսչութան ներկայացուցիչը՝ պատասխանելով DW-ի հարցին։
«Ոչինչ չեմ կարող ասել ապագայում շենգենյան գոտի մուտք գործելու պայմանների մասին: Ներկայումս ԵՄ-ն ժամանակավոր սահմանափակումներ ունի երրորդ երկրներից ճանապարհորդելու հարցում, բացառությամբ փոքր թվով երկրների: Դա կախված չէ պատվաստումից: Այս պահին չեմ կարող հայտարարել այս քաղաքականության առաջիկա փոփոխությունների մասին»,- նշել է նա:
Նախորդ օրը սոցիալական ցանցերում մեջբերվել էր հաղորդագրություն այն մասին, որ իբր ԵՄ-ն շենգենյան վիզա կտրամադրի միայն այն օտարերկրացիներին, ներառյալ ռուսներին, որոնք քովիդի դեմ պատվաստման վկայականներ կներկայացնեն: Մասնավորապես, «նեԴումա» Telegram-ալիքը նշել է, որ Բրյուսելը մտադիր է կոշտ կերպով կապել շենգենյան վիզաների տրամադրումը ԵՄ-ում հաստատված, այսինքն BioNTech / Pfizer-ի կամ Moderna-ի դեղամիջոցով պատվաստումների առկայության հետ: «Ոչ «Սպուտնիկ-V»-ն եւ ոչ էլ «Վեկտորը» ներառված չեն ԵՄ-ի կողմից հավաստագրված կատեգորիայի մեջ, ինչը նշանակում է, որ նրանք դառնում են ներքին պատվաստանյութեր, որոնք իրավունք չեն տալիս մուտք գործել ԵՄ երկրներ նոր անձնագրային-համաճարակաբանական կանոններով»,- ասում են «նեԴումա»-ի հեղինակները:
Բացի այդ, Telegram-ալիքը նշում է, որ իբր արտասահմանյան պատվաստանյութերը փոքր ծավալներով ձեռք են բերվում ՌԴ էլիտաների եւ հարուստ քաղաքացիների համար՝ «ճանապարհ բացելով դեպի Եվրոպա»: «Այսպես, Ալեքսեյ Ռեպիկի R-Pharm ընկերության միջոցով ձեռք է բերվել Pfizer-ի 2 միլիոն չափաբաժին` այն պատվաստվողների համար, ովքեր անտարբեր չեն Շենգենի, կամ, օրինակ, ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ այլ դժվար, բայց գրավիչ պետությունների վիզաների նկատմամբ»,- նշվում է այնտեղ։




























