ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի երկու ավագ օգնականները հրաժարական են տվել Կապիտոլիումի բլուրում տեղի ունեցած բռնություններից հետո: Սպիտակ տան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ դիտարկում են հրաժարականի հնարավարությունը, այդ թվում` Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը եւ նրա տեղակալ Մեթյու Փոթինգերը: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրները:
Ստեֆանի Գրիշեմը հեռացավ առաջին տիկնոջ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կոնգրեսի շենք` փորձելով կանխել նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը: «Ինձ համար պատիվ էր ծառայել երկրին Սպիտակ տանը: Ես շատ հպարտ եմ, որ մաս եմ կազմել տիկին Թրամփի` ամբողջ աշխարհի երեխաներին օգնելու առաքելությանը եւ հպարտ եմ այս վարչակազմի բազմաթիվ ձեռքբերումներով»,- ասվում է Գրիշեմի հայտարարության մեջ: Սպիտակ տան սոցիալական քարտուղար Ռիկի Նիքետան եւս հրաժարական է տվել, ինչպես նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը, Reuters-ին հայտնել են երկու աղբյուրներ:
Օ'Բրայենը եւս դիտարկում էր հրաժարականի հնարավորությունը, ինչպես նաեւ նրա տեղակալ Փոթինջերը: «Ես խոսել եմ միայն փոխնախագահ Փենսի հետ,- ասել էր Օ'Բրայենը չորեքշաբթի ավելի վաղ արված հայտարարության մեջ` հավելելով,- Ես հպարտ եմ, որ աշխատում եմ նրա հետ»:




























