ԱՄՆ-ում խոշոր կորպորացիաներն ու բիզնես խմբերը դատապարտել են անկարգություններն ու բռնությունները Կապիտոլիումի բլուրում, հայտնում է AFP-ն:
«Այս օրը նշանավորեց մեր երկրի պատմության տխուր եւ ամոթալի գլուխը,- գրել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը Twitter-ում:- Այս ապստամբության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ մենք պետք է ավարտենք անցումը նորընտիր Նախագահ Բայդենի վարչակազմին: Մեր իդեալներն ամենամեծ նշանակությունն ունեն, հատկապես երբ դրանց մարտահրավեր են նետում»:
Business Roundtable կազմակերպությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով «նախագահին եւ բոլոր համապատասխան պաշտոնյաներին դադարեցնել քաոսը եւ նպաստել իշխանության խաղաղ փոխանցմանը»:
ԱՄՆ Առեւտրի պալատի գլխավոր տնօրեն Թոմաս Ջ. Դոնոհյուն ասել է. «Հարձակումները մեր երկրի Կապիտոլիումի եւ մեր ժողովրդավարության վրա պետք է ավարտվեն, եւ Կոնգրեսը պետք է կատարի իր սահմանադրական պարտականությունները` նախագահական ընտրություններում հաղթողին հաստատելու համար»:
Արտադրողների ազգային ասոցիացիայի նախագահ եւ գործադիր տնօրեն Ջեյ Թիմոնսը փոխնախագահ Մայք Փենսին կոչ է արել «լրջորեն մտածել» 25-րդ փոփոխության կիրառման մասին, որը թույլ կտա նրան ժամանակավորապես նախագահ դառնալ Թրամփի անգործունակ ճանաչվելուց հետո: «Հեռացող նախագահը բռնություն էր հրահրում` փորձելով պահպանել իշխանությունը, եւ նրան պաշտպանող ցանկացած ընտրված ղեկավար խախտում է իր երդումը Սահմանադրության առջեւ եւ մերժում ժողովրդավարությունը` հօգուտ անիշխանության»,- ասել է նա:




























