Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների հաշվարկի նկատմամբ անվստահությունը հանգեցրեց ամբոխի հարձակմանը Կոնգրեսի վրա, եւ նախազգուշացրել է, որ նույնը կարող է պատահել նաեւ իր երկրում, հաղորդում է Reuters-ը:
Նա կրկնել է նոյեմբերի 3-ին քվեարկության ժամանակ լայնամասշտաբ կեղծիքների մասին մեղադրանքները եւ ասել, որ Բրազիլիայի էլեկտրոնային քվեարկության համակարգը, որը միջազգայնորեն ճանաչված է քվեաթերթիկների հաշվարկի իր արդյունավետության եւ արագության համար, կարող է մանիպուլացվել:
Թրամփի երկրպագու Բոլսոնարուն, ում քաղաքականության ոճը նա պատճենում է, կողմ է հանդես գալիս տպագիր քվեաթերթիկների վերադարձին 2022 թվականի նախագահական ընտրություններում, որոնցում նա պատրաստվում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար:
«Ի՞նչ տեղի ունեցավ ամերիկյան ընտրություններում: Ո՞րն է այս ճգնաժամի իրական պատճառը: Անվստահությունը քվեարկության արդյունքների նկատմամբ»,- ասել է նա: «Այստեղ` Բրազիլիայում, եթե էլեկտրոնային քվեարկություն է, ապա նույնը կկատարվի: Կեղծիք գոյություն ունի»,- նշել է նա: «Եթե 2022 թվականին մենք քվեաթերթիկ չտպենք քվեարկության արդյունքները ստուգելու համար, մենք ավելի մեծ խնդիրներ կունենանք, քան Միացյալ Նահանգներում»,- ասել է նա:




























