Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվներն արգելափակելու որոշման համար քննադատել է սոցիալական ցանցերին։ Լոպես Օբրադորը չի մեկնաբանել Կապիտոլիումի վրա Թրամփի կողմնակիցների հարձակումը՝ վկայակոչելով այլ երկրների գործերին չխառնվելու իր քաղաքականությունը: Նա միայն ասել է, որ ցավում է մարդկային կորուստների համար, հայտնում է AP-ը:
Լոպես Օբրադորը, ով Թրամփի ընկերն է համարվում, շտապել է քննադատել այն, ինչ նա անվանել է «ԱՄՆ նախագահի գրաքննություն»: «Ինձ դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկին գրաքննության են ենթարկում կամ զրկում են Twitter-ում եւ Facebook-ում հաղորդագրություն հրապարակելու իրավունքից: Ես համաձայն չեմ դրա հետ, ես չեմ ընդունում դա»,- ասել է Լոպես Օբրադորը:
Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հեսուս Ռամիրեսն ավելի ուշ Twitter-ի իր էջում գրել է, որ «ԱՄՆ գործող ղեկավարին լռեցնելու Facebook-ի որոշումը խոսքի ազատության, ինտերնետում տեղեկատվության ազատ փոխանակման, ժողովրդավարության եւ (սոցիալական) ցանցերը կառավարող ընկերությունների դերի մասին բանավեճ է պահանջում»:




























