Alibaba-ի հիմնադիր Ջեք Մայի անհետացումը սոցցանցերում տարբեր սպեկուլյացիաների առիթ է դարձել: Չնայած նրան, որ ընկերությունը որեւէ մեկնաբանություն չի տվել, միլիարդատիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա, գրում է Forbes-ը:
Չինաստանի երբեմնի հարուստ մարդուն վերջին անգամ տեսել են հոկտեմբերի վերջին, երբ նա Շանհայում գագաթաժողովի ժամանակ քննադատել է Չինաստանի իշխանություններին նորարարությունների ներդրմանը խոչընդոտելու մեջ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նոյեմբերի սկզբին չինական կարգավորիչները ձեռնարկատիրոջը հանդիպման են հրավիրել, ապա չեղարկել նրա Ant Group-ի պատրաստվող առաջնային հանրային առաջարկը (IPO) արժեթղթերի տեղաբաշխումից ընդամենը երկու օր առաջ: Շուկայի վերահսկման կառավարական գերատեսչությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսել Alibaba-ի նկատմամբ. ընկերությանը կասկածում են հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ:
Forbes-ը գրում է, որ վերջին տարիներին չինացի այլ միլիարդատերեր եւ հարուստ ձեռնարկատերեր եւս ժամանակավոր անհետացել են հանրային կյանքից Կոմունիստական կուսակցության հետ կոնֆլիկտներից հետո: Օրինակ, 2015 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել Fosun International նորարարական հոլդինգի ղեկավար եւ հիմնադիր Գուո Գուանչանի անհետացման մասին:
Նրա անհետացումից հետո սոցցանցերում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ կան վկաներ, ովքեր տեսել են, թե ինչպես են ոստիկանները նրան ձերբակալում Շանհայի օդանավակայանում: Դրանից հետո Fosun International-ը ժամանակավորապես դադարեցրել է իր բաժնետոմսերի առեւտուրն ու հայտարարել, որ Գուոն աջակցում է իրավապահ մարմիններին ինչ-որ հետաքննության հարցում: Միլիարդատիրոջ անհետացումը համընկել է հակակոռուպցիոն արշավի հետ, որը նախաձեռնել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինը: Ավելի ուշ Գուոն վերադարձել է աշխատանքի, սակայն իր բացակայության մասին ընկերությունը որեւէ բացատրություն չի ներկայացրել: Այժմ Գուոն նախկինի պես ղեկավարում է Fosun-ը, իսկ նրա կարողությունը գնահատվում է 7,5 մլրդ դոլար:




























