Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայերին մեղադրել է Արցախում «քրիստոնեական կրոնական հուշարձանների ծագումը փոխելու» մեջ:
«Նրանք փոխել են հնագույն ուդիների կրոնական ժառանգության ակունքները: Նրանք հնագույն Կովկասյան Ալբանիայի եկեղեցիները վերածել են հայկական եկեղեցիների: Այսպիսով, նրանք բազմաթիվ հանցավոր գործողություններ են իրականացրել»,-ասել է նա Կրթության, գիտության եւ մշակույթի իսլամական աշխարհի կազմակերպության (ICESCO) ղեկավար Սալիմ բին Մուհամեդ ալ-Մալակիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:
Ալիեւը հայտնել է, որ արդեն վնասի գնահատման գործընթաց է սկսվել: «Ադրբեջանում արդեն վնասի գնահատման գործընթաց է սկսվել: Հայտնի միջազգային ընկերությունների օգնությամբ կանցկացվի նյութական, մշակութային, բարոյական եւ էկոլոգիական վնասի համակողմանի գնահատում, ինչը թույլ կտա միջազգային դատարանների առջեւ կանգնեցնել Հայաստանին»,-նշել է նա:




























