Իսրայելը նախատեսում է Ջո Բայդենի վարչակազմում լոբբինգ անել, որ սահմանափակի մարդու իրավունքների հարցերի եւ Եմենում շարունակվող պատերազմի պատճառով Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին եւ Եգիպտոսին ուղղված քննադատությունը, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:

Իսրայելը մտավախություն ունի, որ Պարսից ծոցի երկրների կտրուկ քննադատությունը կարող է ազդել իրանական ազդեցությանը հակազդելու տարածաշրջանային ջանքերի վրա:

Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ Եգիպտոսը, որը վերջին տարիներին դիվանագիտորեն մտերմացել է Իսրայելի հետ, նույնպես կարող է Բայդենի վարչակազմի քննադատության օբյեկտ դառնալ երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով:

«Մենք շատ մոտ էինք նրան, որ մի քանի տարի առաջ Եգիպտոսին կորցնեինք, եւ Բայդենի վարչակազմին մեր ուղերձը հետեւյալը կլինի. «Տեղի են ունեցել դրամատիկ փոփոխություններ, մի փչացրեք հարաբերությունները Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի եւ ԱՄԷ-ի հետ»»,- Axios-ին ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան:

Պարսից ծոցի երկրների եւ Եգիպտոսի հետ համագործակցությունը տարածաշրջանում Իսրայելի անվտանգության ռազմավարության մասն է, որի հիմնական նպատակն է Իրանին հակազդեցությունը:

Իսրայելցի պաշտոնատար անձինք նաեւ նախատեսում են Բայդենին ասել, որ ԱՄԷ-ի, Բահրեյնի, Սուդանի եւ Մարոկկոյի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Իսրայելի վերջերս կնքած համաձայնագրերը պետք է առաջնահերթ լինեն մարդու իրավունքների խնդիրներից, հայտնում է Times of Israel-ը:

Պաշտոնյան նախազգուշացրել է, որ եթե Վաշինգտոնի հարաբերությունները Էր Ռիադի եւ Կահիերի հետ վատթարանան, դա կարող է հանգեցնել Ռուսաստանի եւ Չինաստանի կողմը նրանց շրջվելուն: