ԵԱՀԿ անդամ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն լրագրողների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը` լրագրողների պաշտպանությանը նվիրված երկօրյա խորհրդաժողովին ժամանակ:
«Լրագրողները մահանում կամ անհետ կորում են ԵԱՀԿ տարածաշրջաններում գրեթե ամեն տարի: Տասնյակները ենթարկվում են հարձակման այն անձանց կողմից, ովքեր ուզում են խոչընդոտել ժողովրդավարության գործարկմանն եւ ազատության պահպանմանը միտված կենսական տեղեկատվության տարածմանը»,- ասել է Աժուբալիսը` հավելելով, որ պետական իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի լրագրողների հետապնդումներին խոչընդոտելու ուղղությամբ:
«Երբ լրագրողները կարողանան գործել առանց վախի, առանց իրենց անձնական եւ մասնագիտական անվտանգության համար մտահոգվելու, նրանք հնարավորություն կունենան մարդկանց կարեւոր տեղեկատվություն ներկայացնելու: Նրանք կդառնան ժողովրդավարության եւ ազատության գործակալները, օբյեկտիվորեն եւ հստակ փոխանցելու հանրության մեջ ազդեցիկ մարդկանց գործողություններն ու դիրքորոշումները»,- ասել է Աժուբալիսը:




























