Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Աիդա Դավթյանի, մերժել է «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցն` ընդդեմ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի: Այս մասին այսօր` հունիսի 7-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լրագրող Գրիշա Բալասանյանը: Նա կբողոքարկի դատարանի վճիռը: Լրագրողը նշեց, որ առաջին դեպքն է, երբ վիրավորանքի հոդվածով լրագրողն է դատի տալիս ու մերժվում է: «Սա ցույց է տալիս, որ դատավորները բացառապես ծառայում են պաշտոնյանների շահերը դատարանում պաշտպանելուն»,- մեզ հետ զրույցում նշեց Գրիշա Բալասանյանը:
Նշենք, որ լրագրողը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին ներողություն խնդրել իրենից եւ 1 միլիոն դրամ գանձել` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին, երբ լրագրողը զանգահարել է Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով, պատգամավորը նրան նախ անվանել է տգետ, հետո` հայհոյել, հետո ավելացրել` «լավ արեցի»: Հայցվոր կողմը դատարանին ներկայացրել է ապացույցներ, այդ թվում` լրագրողի հարցին ի պատասխան Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքների ձայնագրությունը:




























