Օրերս ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է «ԱՊՀ երկրների սոցիալ-տնտեսական հիմնական ցուցիչները»: Համաձայն այդ փաստաթղթի, ԱՊՀ երկրների շարքում ՀՆԱ ամենավատ ցուցանիշը, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ունի Հայաստանը՝ 81,6 տոկոս։ Այս հարցով նրա «մրցակից» Ռուսաստանի ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 87,5 տոկոս։

Հարկ է նշել, որ ԱՊՀ երկրների միջեւ ՀՆԱ-ի հաշվարկի տարբեր միջոցներ են գործում։ Բայց ինչ էլ լինի, մենք ամենավերջինն ենք եւ բացասական ազդեցություն ենք թողնում ԱՊՀ երկրների ՀՆԱ միջին ցուցանիշի վրա՝ 91 տոկոս։

Մեր ունեցած ՀՆԱ-ի ցուցանիշի պատճառները հայտնի են բոլորին, եւ առաջին հայացքից օբյեկտիվ բնույթ են կրում։ Իբր, մեծամասշտաբ շինարարություն է ծավալվել, ճգնաժամի հետ կապված այն կրճատվել է, ինչը եւ անդրադարձել է ՀՆԱ-ի վրա։ Այդուհանդերձ, մեր տնտեսության ողբալի վիճակի արմատներն առավել խորքային են եւ թաքնված են պետության տնտեսական քաղաքականությունում։ Ըստ էության, հենց զանգվածային բնակարանային շինարարությունն է եղել այդ քաղաքականության արդյունքը, եւ ոչ թե տնտեսական անկումը։ Միլիարդավոր դրամները, որ նյութականացվել են ավելորդ եւ շատ անգամ ոչ պիտանի կերպով անշարժ կապիտալում, կարող էին ներդրվել իրական բիզնեսի մեջ։ Դա տեղի չունեցավ մի շարք պատճառներով։

Առաջինը. չնայած պետության բոլոր ջանքերին, մեզ մոտ այդպես էլ ֆոնդային կամ, այլ կերպ ասած, ընկերությունների բաժնետոմսերի շուկա չձեւավորվեց։ Մեր բոլոր առեւտրային ընկերությունները, փոքր բացառություններով, ՓԲԸ-ներ են, այսինքն՝ նրանց բաժնետոմսերը, դուրս չգալով ազատ շուկա, անհասանելի են օտար գնորդին։ Այս երեւույթի արմատները թաքնված են ընկերությունների միանձնյա ղեկավարների՝ ինչ-որ մեկի հետ իշխանությունը կիսելու ցանկության բացակայության հետ՝ նույնիսկ լրացուցիչ միջոցների անհրաժեշտության դեպքում։

Երկրորդը. չնայած շուկայական հարաբերություններին անցմանը, մեր գործարարներից շատերի մենթալիտետը մնացել է «բվային» մտածողության մակարդակի վրա։ Համեմատաբար կարճ ժամանակաշրջանում նշանակալից գումարային կապիտալ ստեղծելու համար նրանք իրենց գումարներն ուղղել են անշարժ գույքի ոլորտ։ Այն համարվում էր միջոցների ամենալավ ներդման վայրը, չէ՞ որ վերջին տարիների ընթացքում անշարժ գույքի գներն անհավատալիորեն բարձրացել են՝ հասնելով աստղաբաշխական թվերի։ Ոչ մի այլ արտադրական գործունեություն, հատկապես մայրաքաղաքում, չէր տա կապիտալի ավելացման ավելի լավ հնարավորություններ։ Սակայն անշարժ գույքի շուկայի փլուզումը եւ գների իջեցումը ցույց տվեց այդ հույսերի ամբողջովին երեւակայական լինելը։ Ստեղծված իրավիճակը կարելի է համարել քաղաքական գործիչների անհեռատես եւ չեզոնք աշխատանքի արդյունք։

Բացի բնակավայրերի շինարարությունից, փակուղու մեջ է հայտնվել նաեւ պետության մոտեցումը՝ կապված մասնավոր դրամական փոխանցումների հետ։ Հիմնականում արտերկրում աշխատող մեր հայրենակիցները Հայաստան փող էին փոխանցում Ռուսաստանից, որտեղ նրանք զբաղվում էին հիմնականում շինարարությամբ։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Ռուսաստանում շինարարական բումը, ինչպես մեզ մոտ, փոխարինվեց լճացմամբ՝ օբյեկտների շինարարության սառեցմամբ։ Արդյունքում՝ մասնավոր դրամական փոխանցումների ծավալը Հայաստան աղետալիորեն անկում ապրեց։ Օրինակ՝ այս տարվա երկրորդ եռամսյակում կրճատվել է 28,7 տոկոսով, կազմելով 125,3 մլրդ դրամ։ «Աղետալի» բառը զուր չի օգտագործված։ Փաստացի մեր տնտեսության զարգացումը հիմնված էր ոչ թե արդյունաբերական արտադրանքի կամ արտահանման վրա, այլ՝ դրամական փոխանցումների, ինչի տարեկան ծավալը ոչ հեռու անցյալում մեր պետության համար հսկայական էր։ Ինչո՞ւ այս փողերը չեն ներդրվել մեր տնտեսության մեջ։ Բանն այն է, որ փոխանցումներ ստացողների մեծամասնությունը, նյութապես ապահովված չէին, եւ նրանք ստացած փողերը ծախսում էին ոչ անշարժ գույքի, ոչ էլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վրա։ Համենայն դեպս, այդպիսի եզրակացություն կարելի է անել ժամանակին անցկացրած Կենտրոնական բանկի հետազոտության արդյունքում։ Պարզվում է, որ ամեն մի երրորդ բնակչի բարեկեցությունը անմիջականորեն կապված էր դրսի օգնությունից։

Արտասահմանից մասնավոր դրամական փոխանցումներ ստացող ընտանիքների 71 տոկոսի ստացած գումարների մեծ մասը օգտագործվում էր միայն ընթացիկ ծախսերի համար, այսինքն՝ ապրանքի գնման եւ ծառայությունների վճարման համար։ Իսկ ապրանքները գալիս էին ներմուծման միջոցով, որի ծավալը անցավ 4,4 միլիարդ դոլարից։ Այսպիսով, ամեն տարի ստացվածից կես միլիարդ դոլար չի մնացել պետության ներսում, այլ անցել է մոտակա կամ հեռու արտասահմանյան երկրներ՝ սնելով այնտեղի արդյունաբերությանը։ Չէ որ մեր մոտ ալկոհոլի եւ ծխախոտի ֆաբրիկաներից ու վերամշակող արդյունաբերությունից բացի, շատ քիչ բան է մնացել։

Մյուս գործոնը, որը բերում է հայրենական արդյունաբերության լճացմանը, հարկային ճնշումն է։ Չափազանց մեծ հարկերի, կոռուպցիայի եւ արտադրողների վրա ճնշման պայմաններում «օրենքով» հարկերը բարձր են համարվում, հատկապես՝ արդյունաբերական կազմակերպությունների համար։

Զարգացած երկրներում հարկային եկամտի գերակշռող մասը ֆիզիկական անձացից հավաքվող շահութահարկն է: Ընդ որում, ընգծված հակասություն կա քաղաքացիների եկամտի եւ բյուջե վճարվող շահութահարկի միջեւ։ Եզրակացությունը միանշանակ է , երկրում անձնական եկամուտները «ստվերում» են գտնվում, իսկ պետական բյուջեն այդ պատճառով մեծ կորուստներ է ունենում։

Մինչ օրս էլ գերբարձր տոկոսադրույքներ են պահանջում վարկերի դիմաց, թեպետ քաղաքկիրթ երկրներում ընդունված է, որ համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար գործարաներին վարկերը տրամադրվում են ցածր տոկոսադրույքներով։ Արդյունքում, այդ երկրներում վարկերի տարեկան տոկոսադրույքները նվազեցվում են եւ հասցվում սիմվոլիկ չափերի։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին «Мир» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կառավարության ղեկավարը նշել էր, որ երբեք Հայաստանի կառավարությունը տնտեսությանը չի առաջարկել նման լայն հնարավորություններ: Այդ հնարավորությունների մեջ նշվել էր նաեւ վարկերի ցածր տոկոսադրույքը։ Սակայն վարկերը ինչպես չէին եղել, այնպես էլ դեռ չկան:

Ալբերտ Խաչատրյան