2020 թվականին անցակետային հսկողության վարչությունը 93 ստուգում է անցկացրել, որի ընթացքում գրանցվել են խախտումներ մոտ 558 մլն դրամի չափով, այսինքն՝ 530 հազար դոլարով ավելի շատ, քան 2019-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ անցակետային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը:

Նա պարզաբանեց, որ 2019-ին անցկացվել է 76 ստուգում, որի ընթացքում գրանցվել է մոտ 304 մլն դրամի չափով խախտում, եւ 2020 թվականին աճը կապ է ունեցել գերատեսչության վերլուծական հնարավորությունների անընդմեջ ավելացման հետ: «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շրջանակում արդյունքներին, ապա առաջին կիսամյակում մեր ցուցանիշները կազմել են 36 միավոր, իսկ 2020-ին այդ ցուցանիշը հասել է 90,5 միավորի: Դա ամենաբարձ ցուցանիշն է Միության երկրների շրջանում»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ ամենից հաճախ հանդիպող խախտումները կապ ունեն ապրանքների սխալ դասակարգման հետ՝ վճարվող տուրքերի գումարը նվազեցնելու նպատակով, ինչպես նաեւ ապրանքի սխալ կամ ոչ լրիվ նկարագրության հետ: «Հատուկ ուշադրություն է հատկացվում այն ապրանքներին, որոնց շրջանառուությունը համեմատաբար բարձր է, օրինակ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները: Մեխանիզմներ են ներդրվել, որոնք թույլ են տալիս տնտեսվարող սուբյեկտները բաժանել ռիսկային եւ ոչ ռիսկային խմբերի, ինչը թեթեւացնում է նրանց հետ հետագա աշխատանքը: Ռիսկի խմբի նկատմամբ իրականացվում է ավելի խիստ վարչարարություն: Խախտումների հայտնաբերման դեպքում չվճարված տուրքերը վերադարձվում են: Բացի այդ, հաշվարկվում է նաեւ տուգանքը, եւ որքան ուշ տնտեսվարող սուբյեկտը դրանք վճարի, այնքան բարձր կլինի տուգանքի չափը»,-ընդգծեց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների ներկրման արգելքին, պաշտոնյայի խոսքով, ՊԵԿ-ը պատրաստ է կատարել այդ որոշումը:

Նա հավելեց, որ 2019-ին ՊԵԿ նախագահի որոշմամբ գերատեսչությունում բարեփոխումներ են անցկացվել, որի արդյունքում անցակետային հսկողության վարչությունն ամբողջությամբ փոփոխվել է, սահմանվել է նոր կանոնակարգ, իսկ աշխատակիցների թիվը գրեթե կրկնապատկվել է: