Ժամանակին «Ժառանգություն» կուսակցությունը քանիցս հայտարարել է, որ Հայաստանում պետք է օրենսդրական մակարդակով համապատասխան կարգավորումներ ընդունել, որոնք թույլ են տալիս պետական պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծում իրականացնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով թուրքական հատուկ ծառայությունների կողմից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հնարավոր հավաքագրման մասին հարցին, ասաց «Ժառանգություն» կուսակցությունից նախկին պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա կարծիքով՝ այդ միջոցները թույլ կտային կրճատել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունում անցանկալի տարրերի հոսքը: «Այդ մարդիկ հատկապես մեր նման երկրի համար մեծ սպառնալիք են ներկայացնում: Ցավում եմ, որ մեր նախաձեռնությունը հավանություն չստացավ: Ավելին, իշխող Հանրապետական կուսակցությունը ծաղրեց այն»,-հիշեցրեց Փոստանջյանը:

Ընդդիմադիրը հավելեց, որ որեւէ երկրի գործակալներ եւ լրտեսներ չպետք է հնարավորություն ունենան հայտնվելու ՀՀ կառավարությունում կամ խորհրդարանում, քանի որ դա կհանգեցնի պետության փլուզման: «Մեզ մոտ հենց դա տեղի ունեցավ: 2017 թվականին, երբ Արարատ Միրզոյանն առաջին անգամ պետական պաշտոն ստացավ՝ դարձավ ԱԺ պատգամավոր, եւ հնարավորություն ստացավ որոշում կայացնել, բոլոր նրանք, ովքեր հայտնվել էին այնտեղ, պետք է իմանային, որ նա արտասահմանյան գործակալ է»,-նշեց նա:

Փոստանջյանը ցավով նկատեց, որ ըստ էության Միրզոյանի ձեռքում են հայտնվել փաստաթղթեր եւ նյութեր, որոնք պետական գաղտնիք են պարունակում, այդ թվում են նաեւ ռազմական ծախսերի համար պետբյուջեի ծախսերը: «Իհարկե, այն, որ Միրզոյանն արտասահմանյան գործակալ է, դեռ ապացուցված չէ: Անհրաժեշտ է տվյալ մեղադրանքի հարցով հետաքննություն անցկացնել: Պետք է պարզել, թե ինչ գործակալական ցանցի է նա պատկանում»,-եզրափակեց Փոստանջյանը: