Այսօր` հունիսի 10-ին մեկնարկել է Գարեգին Բ կաթողիկոսի միջեկեղեցական եւ հովվապետական վեցօրյա այցը Վրաստան` Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Բ-ի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ վրացական Սադախլո անցակետում հայկական պատվիրակությանը դիմավորել է Իլիա Բ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը, բարձրաստիճան հոգեւորականներ, ինչպես նաեւ Թբիլիսիի ու Մառնեուլիի շրջանի սահմանամերձ հայ համայնքների ներկայացուցիչներ:
Գարեգին Բ-ն իր խոսքում նշել է. «Մենք անչափ ուրախ ենք որ մեր մուտքը Վրաստան ողջունվում է այսպիսի ջերմությամբ վրաց եւ հայ հավատացյալների կողմից»: Այնուհետեւ նրանք մեկնել են Թբիլիսի, ուր Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարում տեղի է ունեցել բարիգալստյան պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Հայ եւ Վրաց Եկեղեցիների բազում հավատացյալներ:
Գարեգին Բ-ն եւ Իլյա Բ-ն շարականների երգեցողության ներքո մուտք են գործել Ս.
Երրորդություն եկեղեցի:
Հայոց կաթողիկոսը դիմելով ներկաներին ասել է.«Ձերդ եղբայրության հետ աղոթական օրեր պիտի ապրենք հանդիպելով մեր եկեղեցիների հավատավոր զավակներին, այցելելով հայոց եւ վրաց եկեղեցիներ ու վանքեր: Պիտի քննարկենք երկուստեք մեր եկեղեցիներին հուզող հարցեր եւ խոսենք մեր համագործակցությունը զորացնելու հնարավորությունների մասին: Եկել ենք քաջալեր հոգով եւ հավատով, որ մեր հանդիպումը պիտի ամրապնդի դարերով վկայված եղբայրությունը եւ բարեկամությունը մեր ժողովուրդների եւ նոր առիթ դառնա պատասխաններ գտնելու մեր առջեւ այսօր հառնող հարցերին, հաղթահարելու մեր մտահոգություններն ու դժվարությունները»:




























