Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, եւ նշել, որ Գյումրիից Մինասի որմնանկարների Երեւան տեղափոխումը «հափշտակություն» էր:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Վերլուծելով Մինաս Ավետիսյանի «Թել են մանում» եւ «Երկանք» որմնանկարների Գյումրիից հափշտակելու եւ Երեւան տեղափոխելու պատմությունը հայտարարում ենք, որ
1. 2011 թվի հունիսի 10-ին Մշակույթի նախարարությունում Հանձնախմբի եւ մշակույթի նախարարության բանակցությունների ժամանակ Գյումրիի Գալվանոմետր գործարանի պահեստից որմնանկարների հափշտակման գլխավոր պատասխանատուները ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու իր տեղակալ Արեւհատ Սամուելյանն են, չնայած այն հանգամանքին, որ Արեւհատ Սամուելյանը պնդում է, թե «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը առանց նախարարի իմացության է նկարները տեղափոխել Երեւան:
2. Մշակույթի նախարարը իր հեղինակության վերականգնման համար պարտավոր է հրապարակավ ցույց տալ իր վերաբերմունքը տեղի ունեցած կողոպուտի եւ կողոպտիչների վերաբերյալ եւ վերականգնել իրերի վիճակը 2011 թվի հունիսի 10-ի առավոտվա դրությամբ: Միայն այդպիսի գործողության դեպքում հանձնախումբը կարող է լուրջ ընդունել նախարարի հետագա գործողությունները:
Մինչ այդ հանձնախումբը խզում է իր աշխատանքային կապերը ՀՀ Մշակույթի նախարարության հետ, առոչինչ է հայտարարում 2011 թվի հունիսի 02-ին ստորագրված համագործակցության հուշագիրը նախարարի հետ:
3. ՀՀ Կառավարությունը պարտավոր է շուտափույթ եւ հիմնովին վերանայել Գյումրիի պատմամշակութային ժառանգության նկատմամբ իր անհարգալից վերաբերմունքը, հասկանալ, որ Գյումրու գործարանների եւ շենքերի պատերին եղած մեծ վարպետների որմնանկարները Գյումրու եւ գյումրեցիների ունեցվածքն է: Այս հասարակ բաները չհասկանալու կամ դժվարությամբ հասկանալու դեպքում, մենք մեր հազարավոր համախոհների հետ ստիպված ենք լինելու ուսուցումներ կազմակերպեսլ ՀՀ Կառավարության եւ, մանավանդ, մշակույթի նախարարի համար:
4. «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ տեր Է.Էրնեկյանը պարտավոր գիտակցել, որ Մինաս Ավետիսյանի Գյումրուց հափշտակված որմնանկարները Զվարթնոցում կախելը պատիվ չի բերելու ոչ իրեն, ոչ իր գործարար համբավին: Պարոն Էրնեկյանը պիտի այդ որմնանկարները վերադարձնի Գյումրի քաղաքին, իսկ ավելի լավ կլինի` նվիրի, որովհետեւ քաղաքը 2007 թվին 200.000 մլն դրամի հողի արժեք եւ գույքահարկ է զիջել Գյումրու օդանավակայանի համար:
5. Բոլոր նրանք, ովքեր սատարում են այս հայտարարությունը, պարտավոր են ջանքերը համադրելու հետեւյալ գործողություների համար.
- ՀՀ կառավարությանը այս հասարակ բաները հասկացնելու համար,
- Մշակույթի նախարարի հրաժարականը ստանալու համար,
«Մինաս Ավետիսյան» հինադրամի նախագահ Արման Ավետիսյանին պատասխանատվության եւ հանրային պարսավանքի ենթարկելու համար,
- Այս նկարների փրկության դրամական եւ նյութական միջոցներ հայթայթելու համար:




























