Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվելուց հետո Թուրքիայի վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է կուսակցության կենտրոնական գրասենյակի պատշգամբից ազդարարել իր կուսակցության հաղթանակը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակի պատշգամբն արդեն պատրաստ է Էրդողանի ելույթի համար:
Այս պահի դրությամբ Թուրքիայում հաշվվել է քվեաթերթիկների 50 տոկոսը, որի արդյունքում Էրդողանի կուսակցությունն ընթանում է 52, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը` 23, «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 13 տոկոսով:
Նշենք, որ ընտրությունների ընթացքում 1 հոգի մահացել է քվեատուփի մոտ` սրտի կաթվածից: Ընտրությունների ընթացքում ձերբակալվել են մի շարք անձիք, որոնց մոտ հայտնաբերվել են տարբեր կուսակցությունների օգտին քվեարկած կեղծ քվեաթերթիկներ:
Թուրքիայի մի քանի գյուղեր ընդհանրապես չեն գնացել ընտրության` բողոքելով, որ իշխանությունը չի կատարել իր տված խոստումները:
Կան տեղեկություններ` տարբեր վայրերում ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց դեմ ոտնձգությունների եւ ընտրախախտումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 50 մլն 189 հազար 930 քաղաքացի, ովքեր իրենց ընտրությունը կարող են կատարել 199 հազար 207 տեղամասերում։
Թուրքիայի խորհրդարանի 550 տեղի համար պայքարում են 15 կուսակցություն եւ անկախ թեկնածուներ։ Ներկայացված են պատգամավորության 7 հազար 660 թեկնածու, որոնցից 203-ն անկախ թեկնածուներ են։




























