Ալավերդիի տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական ակտիվի ներկայացուցիչները, թվով 85 մարդ, հունիսի 8-11-ին այցելել են ԼՂՀ: Այցին մասնակցել են ուսանողներ, հայտնի մտավորականներ, որոնց շարքում՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Մխիթարյան ակադեմիայի վարիչ, Փարիզի Սամվել Մուրադյանի անվան վարժարանի եւ մշակութային կենտրոնի տնօրեն Հայր Հարություն Պզդիկյանը, ԵրՃՇՊՀ գեոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Սամվել Շահինյանը եւ այլոք:
Ստեփանակերտում խմբին ընդունել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը եւ «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը:
Աշոտ Ղուլյանը նշել է, որ «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ընկերությունը ԼՂՀ խոշորագույն հարկատուն եւ գործատուն է եւ կարեւոր դեր ու նշանակություն ունի ԼՂՀ տնտեսության մեջ:
Հաջորդ օրը կազմակերպվել է այցելություն Գանձասարի վանական համալիր (13-րդ դար) եւ Դրմբոնի հանքարդյունաբերական համալիր, որտեղ տեղի է ունեցել Մարտակերտի շրջանի եւ Ալավերդիի ավագանու անդամների հանդիպումը:
Մասնակիցները նաեւ շրջել են հանքարդյունաբերական համալիրի արտադրական օբյեկտներով՝ եղել հարստացուցիչ ֆաբրիկայում, ստորգետնյա հանքախորշերում: Հաջորդ օրը՝ հուիսի 10-ին, կազմակերպվեց այցելություն պատմական Տիգրանակերտի պեղումների վայրեր եւ Ամարասի վանական համալիր (4-րդ դար):




























