Սարի Թաղում հունիսի 9-ին տեղի ունեցած սպանության հեղինակին` Արթուր Հովհաննիսյանին այսօր` հունիսի 13-ին երկու ամսով կալանավորել են:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժանմունքի քննիչը միջնորդությամբ դիմել էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի երկամսյա կալանք կիրառվի Հովհաննիսյանի նկատմամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստում բավարարեց միջնորդությունը, որից հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում հունիսի 9-ին Սարի Թաղում սպանություն է տեղի ունեցել:Այդ օրը ժամը ժամը 8:10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ` անգիտակից վիճակում: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու օպերատիվ խումբը` բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ պարզել է, որ վիրավորը Սարի Թաղի բնակիչ 34-ամյա Կարեն Մանասյանն է, ով նույն օրը ժամը 9:40-ի սահմաններում հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:

Նույն օրը ոստիկանության  քննչական գլխավոր վարչության Էրեբունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով (սպանություն):

Ոստիկանության Էրեբունի բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանի կողմից ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ: Ձեռնարկված օպերատիվ քննչական հետախուզական միջոցառումների արդյունքում, սպանություն կատարելու կասկածանքով Բագրատաշենի սահմանային անցակետից, Հայաստանը լքելու պահին ձերբակալվել է Սարի Թաղի բնակիչ 28-ամյա Արթուր Հովհաննիսյանը:

Պարզվել էր, որ հունիսի 9-ին ժամը 1-ի սահմաններում, Սարի Թաղի 3-րդ փողոցի թիվ 13 տան մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Կարեն Մանասյանի եւ Արթուր Հովհաննիսյանի միջեւ: Հարեւանները ֆոտոլրագրողին պատմել են, որ մինչեւ վիճաբանությունը նրանք իրենց մտերիմներից մեկի ծննդյան օրն են նշել, որի ժամանակ առաջացած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Այդ ժամանակ, Արթուր Հովհաննիսյանն իր մոտ եղած դանակով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել Կարեն Մանասյանին: Արդեն վիրավորին Արթուրն իր ընկերոջ «Մերսեդես» մակնիշի 25 ՏՕ 362 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխել է «Էրեբունի» պոլիկլինիկայի մոտ, որտեղ էլ թողնելով անօգնական վիճակում, հեռացել են:

Երբ վիրավորին դրել են «Մերսեդեսի» մեջ, վիճաբանության վայրում գտնվողներից մեկը Արթուրին հայտնել է, որ ինքն ավտոմեքենայի համարանիշները ֆիքսել է եւ այդ ժամանակ Արթուրը մեքենայի վրայից հանել էր համարանիշները:

Եթե ոստիկանները 30 րոպե ուշ հասնեին Բագրատաշեն, ապա նախկինում պայմանական պատժի դատապարտված Արթուր Հովհաննիսյանը կմեկներ Ֆրանիա` եղբոր մոտ:

  Արթուր Հովհաննիսյան

Լուսանկարները  եւ  տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի