Այսօր` հունիսի 14-ին «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նիստում քննարկվել է հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի ընթացքը: Նիստը վարել է  խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանի ներկայացմամբ` ծրագրում ընդգրկված բոլոր վեց դպրոցներում շինարարական աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի եւ կավարտվեն սեպտեմբերին:

Խորհուրդը  քննարկել է նաեւ ծրագրի իրականացման ընթացքում տնտեսված գումարների տնօրինման հետ կապված հարցեր: Որոշվել է խնայված միջոցներից  150 մլն դրամ ուղղել Սպիտակի թիվ 1, 100-ական մլն դրամ` Վանաձորի թիվ 6 եւ Ստեփանավանի թիվ 22 դպրոցների ուսումնական  մասնաշենքերի վերանորոգմանը` այդպիսով ամբողջացնելով կրթական  հաստատությունների նորոգումը: Վերոնշյալ դպրոցներում ծրագրով կառուցվում են մարզադահլիճներ եւ հանդիսությունների սրահներ, իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Ուսումանական մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում:

Նշենք, որ ՀՀ կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ կնքված Վերաձեւակերպված  երկրորդ փոխըմբռնման հուշագրով  հիմնադրամի ծրագիրը շարունակվում է «Դպրոցաշինության» բաղադրիչով  եւ ընդգրկում է Շիրակի մարզի Սարակապ, Նոր Կյանք ու Արեւշատ գյուղերի եւ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 1, Ստեփանավանի թիվ 6 ու Վանաձորի թիվ 22 դպրոցները: Այս մարզերն ընտրվել էին Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է: