«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկան, հունիսի 14-ից, մայրաքաղաքի ամբուլատոր պոլիկլինիկաներում իրականացնում է անվճար սկրինինգ հետազոտություններ: Դրանք կատարվում են ակնաբուժական տեխնիկա եւ դեղորայք արտադրող ALCON ընկերության աջակցությամբ` նոր սերնդի օֆտալմասկոպներով:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` հունիսի 15-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բժիշկները Ավան վարչական շրջանի բնակիչներին ընդունել են թիվ 12 պոլիկլինիկայում:
Ակնաբույժների հավաստմամբ, նախնական շրջանում գլաուկոման ընթանում է գրեթե առանց ախտանշանների, ուստի 40 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվում ակաբուժական հետազոտություն անցնել:
Ակցիան տեւելու է մինչեւ հուլիսի 15-ը, ըստ ժամանակացույցի` մեկական օր քաղաքապետարանի ենթակայության 20 պոլիկլինիկաներում: Հիվանդության ռիսկային խմբում ընդգրկված քաղաքացիները հավելյալ, առավել մանրազննին հետազոտություն կանցնեն Երեւանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում:
Նշենք, որ գլաուկոմայի վաղաժամ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով այս նախաձեռնության հեղիանկը Երեւանի քաղաքապետարանն է:




























