Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Հայաստանի կառավարության միջեւ համագործակցությունը գերազանց է: Այդ մասին ասվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպման ընթացքում:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, կարեւորելով ԱՄՀ ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությունը մեր երկրին, նախագահ Սարգսյանը նշել է, թե անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսական հաջողություններում մեծ է նաեւ հիմնադրամի ներդրումը: Նա հույս է հայտնել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունը, իսկ Հայաստանը պատրաստ է շարունակել բարեփոխումներն ու ընդլայնել համագործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած խնդիրների շուրջ: Սերժ Սարգսյանը ներկայացել է տնտեսության ներկա վիճակը, խոսել ճգնաժամի ազդեցության եւ հետեւանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:

Հիմնադրամի պաշտոնյաները վստահեցրել են, որ ֆինանսական այս կառույցը պատրաստ է հետայսու եւս հնարավորինս օժանդակել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը:

Հյուրերի խնդրանքով երկրի ղեկավարը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումները: Հիմնադրամի գործադիր տնօրենները նշել են, որ ԱՄՀ մշտապես կողմ է բաց սահմաններին: