«Հայաստանի ԱԺ-ն հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները օրակարգ կներառի միայն այն բանից հետո, երբ դրանք կքննարկվեն եւ կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանում»,-հոկտմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նախօրեին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին, նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Ընդգծելով, որ հայ-թուրքական բոլոր պայմանավորվածությունների հիմքը սկսված գործընթացը ողջամիտ ժամկետներում ավարտին հասցնելն է՝ նա համոզմունք հայտնեց, որ Թուրքիայում շուտով բուռն քննարկումներ կսկսվեն։ Ի պատասխան այն հարցի, թե ստորագրված փաստաթղթերը ե՞րբ կվավերացվեն թուրքական խորհրդարանում, Գալուստ Սահակյանը նշեց, որ «մենք Թուրքիայի փոխարեն հարկ չունենք մտածելու այդ մասին»։
Փոխարենը միանշանակ է, որ եթե այդ երկիրը փորձի դուրս գալ պայմանավորվածությունների նախորօք գծված շրջանակներից, ապա Հայաստանն անհապաղ դուրս կգա բանակցային գործընթացից։
Անդրադառնալով նրան, թե երկրներից ո՞վ առաջինը պետք է սկսի փաստաթղթերի վավերացման գործընթացը, հանրապետական գործիչը հայտարարեց, որ դա անկասկած, Թուրքիան է լինելու, քանի որ հենց նա է փակել Հայաստանի հետ սահմանը,եւ ինքն էլ պետք է առաջինը հանդես գա դրա բացման գործում։ Հնարավոր ձգձգումների եւ նախապայմանների առաջ քաշման դեպքում, Գալուստ Սահակյանի խոսքերով, «գործընթացից դուրս գալով՝ Հայաստանը, ճիշտ է, ոչինչ չի շահի, բայց կորուստներ էլ չի ունենա»։ Իսկ եթե ամեն ինչ ընթանա ըստ նախանշվածի, «ապա գոնե ՀՀԿ-ն ԱԺ-ում կողմ կքվեարկի արձանագրությունների վավերացմանը»,- եզրափակեց բանախոսը։




























