Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը հայտարարել է նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի եւ BYPOL միավորման ներկայացուցիչների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին, հայտնում է БелТА-ն: Պետական անվտանգության կոմիտեի եւ ՆԳՆ-ի կողմից ներկայացված նյութերի հիման վրա Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Տիխանովսկայայի եւ BYPOL նախաձեռնության մասնակիցների դեմ՝ կազմակերպված խմբի կողմից ահաբեկչություն նախապատրաստելու համար՝ Քրեական օրենսգրքի 289-հոդվածով:

«Մի քանի օր առաջ նշված անձինք փորձել են պայթյուններ եւ հրկիզումներ իրականացնել մայրաքաղաքի տարածքում եւ այլ քաղաքներում: Դեպքի վայրում բռնված քաղաքացի Մալեյչուկն արդեն ցուցմունք է տվել ահաբեկչության կազմակերպիչների ու մասնակիցների մասին։ Նա նաեւ հավելել է, որ հարձակումների կազմակերպիչները նախատեսում էին պետական մարմիններին մեղադրել «մարդկանց մահվան վտանգ ստեղծող գործողություններ կատարելու մեջ»»,- ասել է Անդրեյ Շվեդը:

«Սույն քրեական գործը եւս մեկ փաստ է, որը հաստատում է, որ այսպես կոչված ընդդիմությունը ոչնչից չի խորշում իշխանությունը զավթելու իր հանցավոր նպատակներին հասնելու համար: Կազմակերպում եւ կատարում է ծանր հանցագործություններ՝ ուղղված մեր քաղաքացիների կյանքին եւ առողջությանը վնաս պատճառելուն: Ես հայտարարում եմ, որ մենք բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի օրինապահության հանդեպ ոտնձգություն կատարող ոչ մի անձ չխուսափի խիստ պատասխանատվությունից»,- հավելել է նա։