ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ԱՄՀ տարածաշրջանային տնօրենների պատվիրակության հետ, որի կազմում են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից, Գրեմանիայից եւ այլ երկրներից:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով ԱՄՀ պատվիրակության անդամներին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական շուկայում եւ բանկային համակարգում տիրող իրավիճակը: Նա նշել է, որ ներկա պահին շուկայում իրավիճակը կայուն է, բանկային համակարգի գերիրացվելի է: ԿԲ մասնագետների կողմից իրականացված ստրեսս տեստերը ցույց են տվել, որ ամենավատատեսական զարգացումների դեպքում բանկերի կապիտալի համարժեքության մակարդակը զգալիորեն կգերազանցի նվազագույն պահանջվող մակարդակը:

ԿԲ նախագահն ասել է, որ վերջին 1 տարվա ընթացքում տնտեսական ճգնաժամի ներքո Կենտրոնական բանկը քայլեր է ձեռնարկել վերջինիս հետեւանքները մեղմացնելու ուղղությամբ, մասնավորապես, մարտ ամսից սկսած, 7 անգամ անդրադարձ է եղել ռեպո տոկոսադրույքին, որն ընդհանուր առմամբ իջեցվել է 2.75 տոկոսային կետով: Բանկային համակարգին պետությունն ազգային արժույթով վարկային մեծածավալ ռեսուրսներ է տրամադրել: Ընդլայնվել են ԿԲ դրամավարկային գործիքները, մասնավորապես, կարճաժամկետ ռեպո վարկերին զուգահեռ բանկերին ավելի երկարաժամկետ ռեպոների տրամադրում (մինչեւ 3 ամիս ժամկետով), ակտիվացել է պետական արժեթղթերի երկրորդային շուկայում ԿԲ-ի մասնակցությունը` նպաստելով ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը:

Արթուր Ջավադյանը տեղեկացրել է նաեւ, որ սկսել է գործել Ազգային հիփոթեկային ընկերությունը, որի միջոցով վերաֆինանսավորվում են բանկերի հիփոթեկային վարկերը, խոշորածավալ վարկեր են տրամադրվում փոքր եւ միջին ձեռնարկություններին: