Առողջապահության ոլորտի չինացի պաշտոնյաները ԱՀԿ-ի զեկույցի հրապարակումից մեկ օր անց կոչ են անում ընդլայնել Չինաստանից դուրս կորոնավիրուսի ծագման աղբյուրների որոնումը, հաղորդում է AP-ը:

«Եթե մենք սահմանափակենք Չինաստանից դուրս ծագման ուսումնասիրությունը, կարծում եմ, որ սա գիտական թյուրիմացություն է, քանի որ աղբյուրը դեռեւս անհասկանալի է»,- ասել է ԱՀԿ փորձագիտական խմբի հետ աշխատած չինական խմբի ղեկավար Լյան Վանիանը:

Փորձագետները համաձայնել են, որ այն վայրը, որտեղ հայտնաբերվել է առաջին դեպքը, պարտադիր չէ, որ վիրուսի ծագման վայրը լինի: «Հիմնվելով այս գիտական կոնսենսուսի վրա՝ մենք պետք է ավելի լայն տեսակետ ունենանք (վիրուսի) ծագման մասին»,- ասել է նա:

ԱՀԿ-ի զեկույցում եզրակացություն է արվել, որ վիրուսը կամ դրա նախորդը, ամենայն հավանականությամբ, փոխանցվել է չղջիկից, որը վարակել է մեկ այլ կենդանու, որն էլ վարակել է մարդուն: Հետազոտողները դեռ չեն կարողացել հայտնաբերել չղջիկին կամ միջանկյալ կենդանուն, բայց կասկածը ընկել է հարավ-արեւմտյան Չինաստանում կամ հարեւան Հարավարեւելյան Ասիայում չղջիկների բնակավայրի վրա:

Վիրուսակիր չղջիկները հայտնաբերվել էին Չինաստանի Յուննան նահանգում, բայց չինացի մասնագետները նշել են, որ նման վիրուսներ են հայտնաբերվել նաեւ Հարավարեւելյան Ասիայում: Նույնը վերաբերում է պանգոլիններին՝ մեկ այլ կաթնասուն, որը համարվում է հավանական կրող:

«Ուստի մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է գլոբալ մասշտաբով հետազոտություն անցկացնել վիրուսի աղբյուրի վերաբերյալ»,- ասել է կենդանիների եւ շրջակա միջավայրի ուսումնասիրման չինական խմբի ղեկավար Թոնգ Իգանը: