Թանգարանի բյուջեն ավելացրել են մի քանի միլիոնով, ինչը մեզ հնարավորություն է տվել այս տարի բոլոր աշխատողների աշխատավարձերը բարձրացնել 10 հազար դրամով (մոտ 20 դոլարով-խմբ.):
Միջին աշխատավարձը կազմում է ավելի քան 100 000 դրամ: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա բացատրեց, որ թանգարանում աշխատում է ընդհանուր առմամբ 80 մարդ, եւ նրանց միայն 25%-ն է գիտաշխատող: Նրա խոսքով, այս տարի հայտ կներկայացվի գիտաշխատողների թվի ավելացման համար` իրականացվող աշխատանքների ուղղությունն ընդլայնելու համար:
«Մենք գոհ ենք ֆինանսավորումից: Որքան ես եմ հասկանում, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բյուջեն կրճատվել է, բայց դա չի ազդել մեր ֆինանսավորման վրա, այն չի կրճատվել: Բացի այդ, համապատասխան մարմինների հետ համաձայնության ենք եկել, եւ ավելացված արժեքի հարկ չենք վճարում: Թանգարանն ունի գիտական հաստատության կարգավիճակ: 2018-ին, երբ ես ստանձնեցի տնօրենի պաշտոնը, թանգարանի պարտքը 10 միլիոն դրամ էր (մոտ 20 հազար դոլար-խմբ.), որը պետությունը մարեց»,- ասաց Մարությանը:





























