Չինաստանը եւ ԱՄՆ-ը, որոնք երկար ժամանակ տարաձայնություններ ունեն առեւտրի, տեխնոլոգիաների եւ կապիտալի շուկաների շուրջ, դիտարկում են կլիմայի փոփոխությունը՝ որպես առեւտրային գերակայության հաջորդ ուղի, հաղորդում է CNBC-ը:
Ըստ BNEF-ի տվյալների՝ անցումային էներգակիրների հետ կապված ներդրումներում Չինաստանը գրեթե երկու անգամ գերազանցում է ԱՄՆ-ին: Ճնշման կետերը ներառում են «մատակարարման շղթայում գերակայությունը, դեպի ներքին շուկա կողմնորոշված արտադրական քաղաքականությունը, մարդու իրավունքների մասին օրենքները եւ ածխածնի արտանետումների հետ կապված առեւտրային սակագները»,- նշում են BofA-ի վերլուծաբանները:
BofA-ի հետազոտությունների հարցով գործադիր տնօրեն Հայիմ Իսրայելը կարծում է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ «կլիմայական պատերազմը» կհետեւի տեխնոլոգիական պատերազմին եւ առեւտրային պատերազմին, քանի որ կլիմայի փոփոխությունը գերիշխող տնտեսական եւ քաղաքական թեմա կդառնա առաջիկա տասնամյակների ընթացքում: «Խոսքը միայն մոլորակը փրկելու մասին չէ: Մենք կարծում ենք, որ կլիմայական ռազմավարությունները գլոբալ գերազանցության ուղի են առաջարկում, քանի որ այստեղ շատ ավելին է դրված խաղասեղանին՝ կլիմայի տնտեսական ազդեցությունը այս հարյուրամյակում կարող է հասնել 69 տրիլիոնի, եւ անցումային էներգիայի մեջ ներդրումները պետք է հասնեն տարեկան 4 տրիլիոն դոլարի»,- ասել է նա: «Էներգետիկ անկախությունն ու մատակարարման շղթայի վերահսկողությունը նույնպես սպառնալիքի տակ է, քանի որ ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը կապված է նաեւ 2030 թվականին նավթի արդյունահանման գագաթնակետի հետ»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ձգտելու է խթանել օրենսդրությունը, նորարարությունները եւ կապիտալի հոսքերը դեպի էներգիայի վերականգնվող աղբյուրներ, ինչպիսիք են քամին, արեւը, մարտկոցները եւ ջրածինը: «Մենք նաեւ տեսնում ենք էլեկտրական տրանսպորտային միջոցների վաճառքի աճ: Հիշեք, որ այսօր, ամբողջ աշխարհի նավթի «պլյուս-մինուս» 50%-ը գնում է տրանսպորտային շուկա, իսկ ավտոմեքենաները կազմում են դրա գերակշիռ մասը: Այսպիսով, ով կվերահսկի էլեկտրական տրանսպորտային միջոցները եւ էլեկտրամոբիլների տեխնոլոգիան, ապագայում հաստատ մեծ առավելություն կունենա»,- հավելել է նա:
CFIUS в Berkeley Research Group-ի գործադիր տնօրեն եւ զարգացող շուկաների բաժնի պետ Հարի Բրոդմանը նշել է, որ ապրանքներ ստեղծելու, իրացնելու եւ վաճառելու զարգացած երկրների կարողությունը կձեւավորի առաջիկա տարիների տնտեսությունը։





























