Ադրբեջանում դատապարտված երիտասարդ ակտիվիստ Բախտիյար Հաջիեւի մայրն այսօր քաղաքական ակցիա է արել նախկին նախագահ Հեյդար Ալիեւի գերեզմանի մոտ:

Նա ցուցադրաբար նրա գերեզմանին է դրել «Ենի Ազերբայջան» կուսակցության իր տոմսը` այդ կերպ բողոքելով իր որդու ձերբակալության դեմ:

Ակցիան անցկացվել է մի խումբ լրագրողների մասնակցությամբ: Ակցիայից անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է նրան: Կնոջն ասել են, թե տոմսը պետք է հանձներ կուսակցական գրասենյակ:

«Ես տոմսը ստացել եմ Հեյդար Ալիեւից եւ նրան էլ ուզում եմ վերադարձնել»,- ասել է նա: Ձերբակալվել են նաեւ նրա ազգականներն ու լրագրողները, որոնց ստիպել են բացատրագրեր գրել:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, բլոգերներ Ջաբար Սավալանն ու Բախտիյար Հաջիեւը Facebook ցանցով հակակառավարական կոչեր են արել, եւ ձերբակալվել են: Նրանց մեղադրել էին թմրանյութ պահելու մեջ` դատապարտելով 2,5 տարվա ազատազրկման: