Հորդանանի վարչապետի տեղակալ Այման Սաֆադին կիրակի հայտարարել է, որ երկրի թագաժառանգ Համզան կապ է պահպանել օտարերկրյա ներկայացուցիչների հետ, որպեսզի նախապատրաստի դավադրություն՝ ուղղված երկրում իրավիճակն ապակայունացնելուն, եւ որոշ ժամանակ գտնվել է քննության ներքո, հաղորդում է Reuters-ը:
«Հետաքննություն ընթացքում ուսումնասիրվել են Հորդանանն ապակայունացնելու նպատակով օտարերկրյա ներկայացուցիչների հետ շփումները»,-ասել է Սաֆադին:
Դրանց շարքում է օտարերկրյա հետախուզությունը, որը կապ է հաստատել թագաժառանգ Համզայի տիկնոջ հետ զույգի համար ինքնաթիռ կազմակերպելու նպատակով, որը պետք է հեռանար Հորդանանից, ասել է նա:
«Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ այդ գործողությունները եւ տեղաշարժերը հասել են փուլի, որն անմիջապես ազդել է երկրի անվտանգության եւ կայունության վրա, սակայն թագավորը որոշել է, որ ավելի լավ է ուղիղ խոսել թագաժառանգ Համզայի հետ ընտանիքի ներսում հարցը լուծելու համար, որպեսզի դա շահարկման առարկա չդառնա»,-ասել է նա:
Ավելի վաղ Համզան տեսաուղերձում հայտարարել էր, որ գտնվում է տնային կալանքում երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձի մեղադրանքով:
Համզային պաշտպանել է նրա մայրը՝ Հորդանանի նախկին թագուհի Նուրը, որն իր որդուն առաջադրված մեղադրանքներն անվանել է «չար զրպարտանք»:





























