ՀՀ չորս մարզերում (հիմնականում՝ Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում) ականապատված տարածքի մակերեսը 17 միլիոն 636 հազար քառակուսի մետր է: Այս մասին ապրիլի 5-ին առցանց քննարկման ժամանակ ասաց «Մարդասիրական ականազերծման եւ փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը:

Նա պարզաբանեց, որ ականազերծումն ինքնին աշխատատար գործ է, եւ խոսքը նույնիսկ մեկ կամ երկու ամսվա մասին չէ: «Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում մեկ սակրավորը եղանակային բարենպաստ պայմանների դեպքում կարող է 15-20 քմ տարածք մաքրել: Սակայն մինչ այդ անհրաժեշտ է հետազոտական ​, քարտեզագրական եւ շատ այլ աշխատանքներ իրականացնել: Ղարաբաղյան պատերազմից հետո Կենտրոնի հնարավորությունները չեն ընդլայնվել, սակայն մենք ունենք բոլոր անհրաժեշտ սարքավորումները եւ միջոցներ լիարժեք ականազերծման համար»,- հավելեց նա:

Փորձագետը հիշեցրեց, որ ականի հայտնաբերման դեպքում ցանկացած ինքնուրույն միջոցառման ձեռնարկում արգելված է: «Այդ դեպքում անհրաժեշտ է կապվել Արտակարգ իրավիճակների նախարարության (911), Ոստիկանության (1-02) կամ Կենտրոնի(080009000) հետ»,- պարզաբանեց նա:

Հախնազարյանն ընդգծեց քաղաքացիների շրջանում իրազեկվածության բարձրացման կարեւորությունը, եւ վերոնշյալ չորս ոլորտներում նման ծրագիր Մարդասիրական ականազերծման եւ ոչնչացման հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ, իրականացնում է:

Նա հավելեց, որ Մարդասիրական ականազերծման եւ ոչնչասման հիմնադրամը Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետ համատեղ 40 հազար մարդու իրազեկման մեկ այլ ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում նախատեսվում է շտապօգնության ավտոմեքենա ձեռք բերել, որպեսզի առաջին օգնության վերաբերյալ արդյունավետ դասընթացներ անցկացվեն: «Աշակերտների իրազեկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաեւ Երեւանում: Բացի այդ, զոհերի տվյալների բազան պարբերաբար թարմացվում է, իսկ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է իրավասու մարմիններին»,- եզրափակեց «Մարդասիրական ականազերծման եւ փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը:

Հայկական Կարմիր խաչի մամուլի ծառայության ղեկավար Նունե Գրիգորյանը, իր հերթին, պարզաբանեց, որ ծրագիրը սկսվել է 2020-ի հունիսին եւ կավարտվի 2022-ի մայիսին, իսկ շահառուները, առաջին հերթին, ուսուցիչներն են, ովքեր գիտելիքները կփոխանցեն ուսանողներին: «Դրանից հետո մեծ աշխատանքներ են տարվելու բնակավայրերի բնակիչների հետ»,- ասաց նա: