«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի» գործով այսօրվա դատական նիստն անցնում է լարված մթնոլորտում։

Դատական նիստերի հետաձգումներից հետո այսօր՝ ապրիլի 5-ին նշանակված նիստին ներկայացել է պատասխանող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, որը պնդում է՝ իր դատավարական իրավունքները խախտվել են, քանի որ իր բացակայությամբ քննվել է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու հարցը։

Եգորյանը դատարանին միջնորդեց՝ դատական նիստը հետաձգել, որպեսզի ինքը ծանոթանա ներկայացված ապացույցներին, ինչին ի պատասխան դատարանն արձագանքեց.

«Գիտեք, թե քանի անգամ են դատական նիստերը հետաձգվել, ձեզ բազմաթիվ հնարավորություններ են տրվել։ Դատարանը ձեզ համար ակնկալվող նպատակին հասնելու անհրաժեշտությունից ելնելով չի կարող անընդհատ դատական նիստ հետաձգել։ Մրցակցության սկզբունքն այդ պայմաններում խախտվելու է։ Այն, որ դուք ողջամիտ ժամկետից բարեխղճորեն չեք օգտվել, արդեն դա ձեր նպատակին չհասնելու հիմքը կարող է հանդիսանալ»։

Դատարանի արձագանքից հետո Եգորյանը նորից նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրեց, որի իմաստը կրկին նիստը հետաձգելն էր։

Դատարանը կրկին մերժելով միջնորդությունը՝ նշեց. «Դուք չե՞ք լսում նախագահող դատավորին, ես ձեզ ավելի պրիմիտիվ բացատրեմ. դատաքննության համապատասխան փուլում երբ կսկսենք հետազոտել այդ ձայնասկավառակը»։

Եգորյանն ապացույցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու համար կրկին միջնորդությամբ հանդես եկավ, որի համար կրկին ժամանակ խնդրեց դատարանից. այդ միջնորդությունը նույնպես մերժվեց։

Պատասխանող կողմի բոլոր միջնորդությունների մերժվելուց հետո, Եգորյանը որոշեց ինքնաբացարկ հայտնել դատարանին։

Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի ներկայացուցիչը հաջորդ նիստին գրավոր կարգով միջնորդությամբ հանդես գա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 22-ին, ժամը 11։00-ին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացրել՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին: