Այս իրավիճակի համար անկասկած պատասխանատվություն է կրում Հայաստանի վարչապետը: Այդ մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Դրա համար անձնական պատասխանատվություն է կրում հենց նա: Ես կարող եմ պարզաբանել... Ադրբեջանի հետ մեր երկարամյա հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ է: Այդ հակամարտությունը սկսվել է 1988 թվականին: Կար բանակցային գործընթաց, որը ենթադրում էր ինչ-որ լուծում: Եւ վերջին տարիների ընթացքում իշխանությունը հասցրել է բանակցային գործընթացը լիարժեք փակուղու մեջ... Այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը... Հասկացողությունը,  որ մենք հայտնվել ենք շատ ռիսկային գոտում: Վերականգնման հնարավորությունը պարզապես ակնհայտ էր»,-նշել է նա:

Հարցին՝ ինչի՞ն կարող էր հանգեցնել բանակցային գործընթացը լավագույն դեպքում, Քոչարյանը նշել է, որ ինքը «իսկապես կարող է հանգեցնել նրան, որ մեր կողմից վերահսկվող տարածքները ստանան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ»: Այն ճշտմանը՝ պահպանելով տարածքն այնպիսին, ինչպիսին այն եղել է բանակցությունների ժամանակ, թե ինչ-որ բան փոխելով՝ նա պատասխանել է. «Կա նախկին ԼՂԻՄ տարածք, մենք ասում ենք ազատագրված, միջնորդներն ասում են՝ օկուպացված... այն, ըստ էության, ԼՂՀ-ի կազմում էր, սակայն դրա հետ մեկտեղ Սահմանադրությունն ինչ-որ հնարավորություն էր ենթադրում... Այդ տարածքն ընկալվել է որպես բուֆերային գոտի, որը ներառված է հանրապետության կազմում, սակայն միեւնույն ժամանակ ենթադրվում էր, որ դա այն թեման է, որի շուրջ կարելի է բանակցել»:

Նրա խոսքով՝ հայկական կողմը սկսել է առաջ քաշել նոր պահանջներ: «Բոլորովին անհասկանալի բնույթի: Այսինքն՝ եկեք սկսենք զրոյական կետից... Ըստ էության՝ բանակցությունները, որոնք վարվել են 92 թվականից, առաջարկվում էր զրոյացնել: Ներկայացվել էր բանաձեւ՝ ոչ մի բանակցություն առանց Ստեփանակերտի ներկայացուցիչների մասնակցության: Ավելի ուշ ներկայացվել էր ուրիշ բանաձեւ՝ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ»: Շատ կարճ ժամանակահատվածում ինչ-որ նոր պոստուլատների ներկայացումը ստեղծել է տպավորություն բոլորի մոտ, որ հայկական կողմը հեռանում է առարկայական բանակցություններից»:

Քոչարյանը նշել է, որ ներկայիս հայկական իշխանությունները չեն հասկացել, որ այդկերպ հրահրել են պատերազմը: «Եղել է պատասխանատվությունից եւ ծանր բանակցություններից հեռանալու այդպիսի պրիմիտիվ միջոց: Ամեն դեպքում ցանկացած բանակցությունները կլինեին բավականին ծանր հակամարտության կողմերի համար: Դա պարզապես բանակցությունների նկատմամբ պատասխանատու մոտեցումից փախուստ էր»: