Ես նախագահել եմ 10 տարի՝ լինելով անկուսակցական եւ չղեկավարելով կուսակցություն: Այդ մասին «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ նա հայտնել է, որ մտադիր է ղեկավարել կուսակցությունների դաշինքը: Ըստ ամենայնի՝ այն կազմված կլինի 2 կուսակցությունից. այժմ բանակցություններ են ընթանում, սակայն դաշինքում ընդգրկվել ցանկացողները շատ ավելին են:
«Ես երբեք չեմ թաքցրել իմ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Շատ բան է արվել իմ նախագահության օրոք»,-նշել է նախկին նախագահը: Միաժամանակ նա ընդգծել է, որ երկրի համար շատ կարեւոր է կայուն արտաքին քաղաքականությունն ու կանխատեսելիությունը:
Իր կարծիքը Քոչարյանը հայտնել է նաեւ տարատեսակ սոցհարցումների մասին ընտրությունների համատեքստում: «Չափազանց մեծ է մարդկանց տոկոսը, որոնք ընդհանրապես կհրաժարվեն խոսել ընտրությունների մասին»,-նշել է նա՝ հավելելով, որ կարելի է գումար վերցնել եւ պատվիրել սոցիոլոգիական հետազոտություն, սակայն հրաժարվողների այդ քանակության դեպքում իրական հարցում հնարավոր չէ անցկացնել: Չնայած կան անգամ ոչ թե ընկերություններ, այլ մարդիկ, որոնք վաճառում են այդ ընկերությունների բրենդը, որոնք ինչ-որ բան են անում սոցհարցման քողի ներքո:





























