Այս 3 տարիներին տնտեսության կառավարումը տեղի է ունեցել պրիմիտիվ սկզբունքով․ երես առած երեխայի նման իրականացվել են քայլեր կամ անգործության են մատնվել՝ մտածելով, թե ժողովուրդը էյֆորիայի մեջ է, միշտ էլ կգտնեն մեղավորներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի տնտեսության վերաբերյալ այսօրվա գնահատականներին։
Տնտեսագետը, վերլուծելով անցնող 3 տարիները, փաստեց, որ 2018-ի սկզբում երկնիշ տնտեսական աճի հասած տնտեսությունը տարին փակեց ընդամենը 5 տոկոս աճով, այսինքն տնտեսական աճի անկման տեմպերով։ «2017-ին, 2018-ին ընդհանուր աճի համար հիմքեր դրվեցին, իսկ հիմա, չգիտես ինչու, ասում են, թե հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում ներդրումներ ապահովել, բայց չեն ասում, որ նախորդ ժամանակահատվածի հիմքերն էին, որ 2018-ին այս չափ կապիտալ չէր փախչում երկրից»,- նշեց նա։
Ըստ տնտեսագետի, երբ այսօրվա իշխանավորները գովում են 2019-ի աճի տեմպերը, դա նույն չափն է, ինչ 2017-ին։ Ավելին, եթե 2017-ի աղքատության մակարդակը կրճատվել էր, ապա 2018-ին, 2019-ին աղքատության մակարդակի աճ ունեցանք, իսկ 2020-ին արդեն աննախադեպ աճ։ «2019-ի աճը քանակական առումով աննախադեպ չէր, իսկ որակական իմաստով էապես ավելի ցածր ներառականություն ուներ»,- շեշտեց Թ. Ավետիսյան։
Նրա գնահատմամբ, 2018-ին և 2019-ին իշխանությունների ներդրումային ձախողումներն իրենց արտացոլումն ունեցան 2020-ին, նույն պատկերը կլինի նաև 2021-ի դեպքում։ Նրա պնդմամբ, հաշվի առնելով երկրում առկա կեղծիքի մթնոլորտ, այս իշխանությունը միշտ էլ ցածր ցուցանիշների և տապալումների համար մեղավորներ է գտնում։ «Սկզբում մեղավոր էին նախկիները, հետո ԱԺ-ն, երբ աղքատությունը աճեց հընթացս մեղավոր դարձան աղքատները, որովհետև իրենց գլուխներում էր այդ աղքատությունը, հետո շարիկ գլորող չինովնիկները, որովհետև պետական ապարատն արդյունավետ չէր աշխատում։ Գնալով մեղավորների բանակը նվազում է, մարդկանց աչքերն էլ բացվում են ու հասկանում են, որ սրանք սուտ են խոսում, ձախողումները բարդում են ուրիշների վրա։ Հիմա էլ ասում են, թե ժամանակ է պետք ներդրումների համար։ Մինչդեռ 3 տարվա մեջ 3 անգամ աճել է արտաքին պարտքը, մոտ 30 տոկոսով»։
Այս իրավիճակում տնտեսագետը հորդորում է իշխանության ներկայացուցիչներին առնվազն «խոնարհ ձևով» լռել, որովհետև մեր երկրից կապիտալը պարզապես փախչում է, օտարերկրյա ներդրումները պատիկներով կրճատվում են, իսկ դրանց հոսքը ընդհանրապես զրոյացվել է։ «Ժամանակ եք ուզում որ ի՞նչ անեք։ Որ խոշորածավալ ներդրումներ չի գալիս, հասկացանք, որ դա հետևանք է կորոնավիրուսի, պատերազմի։ Բայց 2020-ին ողջ համաշխարհային տնտեսությանն էր պատել կորոնավիրուսը։ Աշխարհում և մեր տարածաշրջանի երկրներում ՀՆԱ-ն կրճատվել է 3-3,5 տոկոսով, իսկ մեր երկրում՝ 7,5 տոկոսով։ Հասկացանք, որ համավարակը վնաս է հասցրել, բայց այն 4 տոկոս անկումն այս իշխանության ապաշնորհության հետևանք է»,-արձանագրում է Թ. Ավետիսյանը։
Թադեւոսյանը նաեւ համամիտ չէ Բաբկեն Թունյանը կարծիքին, թե ներդրումները պայմանավորված չեն այն հանգամանքով, թե ով է իշխանության ղեկին։ Նա կարծում է, որ այս իշխանության շրջանում տնտեսական համակարգերը վերջնականապես փլուզվեցին։ «Այսպիսի իրավիճակում ոչ թե կարևոր չէ, թե ով է երկրի ղեկավարը, այլ թիվ մեկ հարցն է դա։ Քաղաքական անկայունությունը, ձախողումները, ակնհայտ կեղծիքը ձեր կարծիքով դրսում չե՞ն լսում, չե՞ն տեսնում։ Մեր երկրում ներդրումային, տնտեսական, հանրային կյանքի բոլոր ոլորտների համընդհանուր անորոշությունն ո՞վ է գեներացնում։ Հենց այդ անուն ազգանուն կրողն ու իր թիմը, որ զավթելով իշխանությունը, մեր երկիրը օրնիբուն տանում են համատարած կոլապսի։ Ինչքա՞ն կարելի է մեղավորներ գտնել։ Մեր երկրում թե պատերազմի, թե տնտեսական վիճակի, թե բոլոր ոլորտների ձախողումների թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը այս քաղաքական թիմն է»,- վստահեցրեց Ավետիսյանը՝ միաժամանակ հավելելով, որ ամենավտանգավորը մարտնչող տգիտությունն է։
Երկրարաժամկետ ու լուրջ ներդրումների համար որոշակի ժամանակ էր պետք․ Բաբկեն Թունյան





























