2020-ին ՄԱԿ-ի էմբարգոյի վերացումից հետո Թեհրանը ռազմական արտադրանքի արտահանման խնդիր չունի: Այս մասին իր տաջիկ գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ամիր Խաթամին, փոխանցում է Tasnim-ը:

«Բարեբախտաբար, Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ զենքի էմբարգոն 2020-ի հոկտեմբերին դադարեցվեց՝ Անվտանգության խորհրդի (ՄԱԿ) բանաձեւի համաձայն: Այժմ մենք զենքի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,- ասել է իրանցի գեներալը Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի հետ հանդիպմանը:

Խաթամին նաեւ դեմ է արտահայտվել ԻՊ-ի ահաբեկիչների եւ ծայրահեղական այլ խմբավորումների տարածմանը տարածաշրջանում:

«Մենք միշտ դեմ ենք եղել արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը պատերազմներում եւ տարբեր հակամարտություններում ՝ լինի դա Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում կամ այլուր»,- հավելել է նա: Խաթամին նշել է նաեւ այն բարձր գինը, որն Իրանը վճարել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման համար տարածաշրջանային խնդիրների լուծման քաղաքականության միջոցով՝  հավելելով, որ գեներալ-լեյտենանտ Քասեմ Սոլեյմանիի մահն ամենամեծ եւ անուղղելի հարվածն էր:
Իր հերթին, Տաջիկստանի պաշտպանության նախարարը հայտնել է իր երկրի պատրաստակամությունն՝ ամրապնդել քաղաքական, ռազմական եւ պաշտպանական համագործակցությունն Իրանի հետ:

Միրզոն նաեւ շեշտել է Թեհրանի եւ Դուշանբեի միջեւ համագործակցության կարեւորությունը տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման գործում՝ շեշտելով, որ տարածաշրջանում հակամարտություններն ու անվտանգության բացակայությունը ավելի սերտ համագործակցություն են պահանջում ահաբեկչության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում: