Կալիֆորնիան ամբողջովին կբացի իր տնտեսությունը հունիսի 15-ին, եթե կորոնավիրուսի հետ կապված հոսպիտալացման մակարդակը ցածր եւ կայուն լինի, իսկ պատվաստանյութերի պաշարները բավարար լինեն 16-ից բարձր տարիքի յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է պատվաստման կուրս անցնել: Այս մասին երեքշաբթի հայտարարել է նահանգապետ Գավին Նյուսոմը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք կարող ենք սկսել պլանավորել մեր կյանքը համավարակից հետո»,- ասել է Նյուսոմը: «Մենք պետք է զգոն մնանք եւ շարունակենք մեզ այստեղ հասցրած պրակտիկան՝ դիմակներ կրել եւ պատվաստվել, բայց լույսն այս թունելի վերջում երբեք ավելի պայծառ չի եղել»:

Եթե ​​դեպքերի մակարդակը ցածր է, իսկ պատվաստանյութերը՝ մատչելի, ձեռնարկություններին կթույլատրվի ամբողջովին վերաբացվել, սակայն դրանք կշարունակեն դիմակներ պահանջել եւ կոչ անել մարդկանց պատվաստվել, այսել է Նյուսոմը:

Անցյալ տարի համավարակի սկսվելուց ի վեր Կալիֆորնիան առաջին ամերիկյան նահանգներից էր, որը փակել էր իր տնտեսությունները, եւ ինչ-որ պահի երկրում ամենախիստ սահմանափակումներ էին սահմանվել: ԱՄՆ մի քանի այլ նահանգ, այդ թվում՝ Տեխասը, արդեն վերացրել են իրենց սահմանափակումների մեծ մասը:

Կալիֆորնիան հայտնել է համավարակի սկզբից ի վեր գրեթե կորոնավիրուսով վարակման 3.6 միլիոն դեպքի մասին, եւ գրեթե 59.000 մահվան դեպք, վկայում են կառավարության տվյալները: Երկուշաբթի նահանգում 2112 նոր դեպք է գրանցվել: