Թուրքական մաֆիայի առաջնորդ Սեդաթ Փեքերը ներգրավված էր Հյուսիսային Մակեդոնիայում անցկացվող հետաքննության մեջ ենթադրյալ հանցավոր խմբավորման նկատմամբ, որը կեղծ մակեդոնական անձնագրեր եւ անձը հաստատող փաստաթղթեր էր մատակարարում, հաղորդում է Balkan Insight-ը:

Առնվազն ինը ոստիկան է ձերբակալվել Հյուսիսային Մակեդոնիայում այս հետաքննության շրջանակներում, որն իրականացվում է Ինտերպոլի եւ Սկոպյեում ԱՄՆ դեսպանության հետաքննության գրասենյակի հետ համաձայնեցմամբ:

Փեքերը, ով ձերբակալվել էր Հյուսիսային Մակեդոնիայում հունվարի 18-ին եւ արտաքսվել էր հարեւան Կոսովո, հավանաբար անձնագիր եւ նույնականացման քարտ էր ստացել Շադին Ամեդովսկի կեղծ անունով եւ Սկոպյեում գտնվող հասցեով, հայտնում է կայքը:

«Փեքերի ձերբակալման պահին ոստիկանությունը չկարողացավ բացատրել, թե ինչու է Թուրքիայի քաղաքացի Փեքերն ուղարկվել Կոսովո, եւ չի հաստատել՝ արդյո՞ք նա նաեւ կոսովական անձնագիր ունի»,- ասվում է այնտեղ:

Կոսովոյի իշխանությունները Balkan Insight-ին հայտնել են, որ Փեքերը, չունենալով Կոսովոյի անձնագիր, ժամանակավոր կացության թույլտվություն ունի՝ երկրում բիզնեսով զբաղվելու համար:

Թուրքական մաֆիայի դատապարտված ղեկավար Սեդաթ Փեքերը, ով հայտնի է իր ծայրահեղ աջ հայացքներով եւ Թուրքիայի կառավարությանն աջակցությամբ, 2007-ին 14 տարվա ազատազրկման էր  դատապարտվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, կողոպուտի, կեղծիքի եւ երկու կեղծ բանտարկության մեջ մեղադրանքներով:

2020-ի հունվարին 50-ամյա Փեքերը փախել էր Թուրքիայից խորհրդավոր հանգամանքներում, գրում է Ahval- ը: